Ներքին 2 տարի առաջ - 14:20 06-10-2023

Թշնամին միշտ մեր միջից է լինում․ այդ մենք ենք մեզ հաղթում, ոչ թե թշնամին. Վրեժ Սարուխանյան

«Մեր խելքից ազգովի հագել ենք ցավի շապիկը։ Բոլորի հագին ցավի շապիկը նույնն է, բայց մրմուռը՝ տարբեր։ Եվ հանելու փոխարեն՝ դարերով անընդհատ կարկատում ենք մեր ցավի շապիկը, իսկ գլխներիս էլ հպարտորեն մարտիրոսվելու Փշե պսակ դնում։ Էս ի՞նչ առեղծված ենք․․․»,-ծննդյան օրն այս մտքերով է արթնացել գրող հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը։

Oragir.News-ը հետաքրքվեց, ի՞նչ երազանք է պահել գրողը․
«Միայն մեկ երազանք՝ խաղաղություն հայրենիքին։ Մեր ուժերի, հայրենիքի վերականգնում եմ ուզում, դա է իմ երազանքը»։

Մեր դիտարկմանը՝ ստեղծագործություններից մեկում նշել է, որ ոչ ռուսամետ է, ոչ եվրոպամետ է, այլ հայամետ, սակայն ցավոք, քչերն են այդպիսին։ Որտե՞ղ ենք մենք սխալվել, գրողը պատասխանեց․
«Մենք այնքա՜ն տեղ ենք սխալվել։ Երբ ընդունեցինք քրիստոնեությունը, կտրեցինք մեր հիշողության թելը, ավերեցինք մեր ամբողջ գիտությունը, ճարտարապետությունը, հոգևոր մշակույթը։ Ամեն ինչ ջնջեցին, կորցրին մեր հիշողությունը ու այդ ժամանակվանից մենք թուլացանք։ Մի մարդ, ով իր հիշողությունը կորցնում է, ի՞նչ պետք է լինի։ Մի ազգ, ժողովուրդ, որ իր անձնագիրը ջնջում է, պատռում ու ասում է՝ նորից սկսեմ, դա ամենամեծ ապուշությունն է։ Չեն ջնջում, մի բան անում են, որ ավելանա։ Իսկ մենք ջնջեցինք ամեն ինչ ու դարեր շարունակ մեր թշնամիները մեր հիշողությունն էին փորձում ջնջել, չէին թողնում՝ իմանայինք ով ենք։ Մի խնդիր ունենք՝ ինքնաճանաչողություն։ Մեզ որ ճիշտ ճանաչենք ու հասկանանք, կվերականգնվենք, ոտքի կկանգնենք։ Մի այսպիսի խոսք կա՝ ասում է պարտվելն ամոթ չէ, ամոթը պարտվելուց հետո ոտքի չկանգնելն է։ Պարտվել ենք, ինչ արած, աշխարհում բոլորն էլ պարտվում են՝ Անգլիան ու Ֆրանսիան 100 տարի կռվել են, պարտվել, հաղթել, բայց հիմա հարևանություն են անում։ Մենք չկարողացանք այդ բանը ճիշտ մարսել, դասեր չքաղեցինք մեր պատմությունից։ Ու, ամենակարևորը, թշնամին միշտ մեր միջից է լինում․այդ մենք ենք մեզ հաղթում, ոչ թե թշնամին»։

Նշենք, որ Վրեժ Սարուխանյանը ծնվել է 1952 թ., հոկտեմբերի 6-ին՝ Աշնակ գյուղում։ 1973 թ-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Տասնամյակներ շարունակ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Եղել է հեռուստամեկնաբան, «Լրաբեր»-ի եթերի պատասխանատու խմբագիր, աշխատել է Հանրային ռադիոյում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, հանրակրթական դպրոցում։ Որպես հեռուստամեկնաբան անցած 30 տարվա ընթացքում 1000-ից ավելի հեռուստատեսային հաղորդումների, հաղորդաշարերի թողարկումների հեղինակ է:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի