Ներքին 3 տարի առաջ - 15:07 05-10-2023

Կրճատվել է ուսուցիչների աշխատաժամանակը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ վերանայվել է դպրոցների ուսուցիչների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների աշխատաժամանակը:

Մինչ հարցի զեկուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հանրապետության մանկավարժներին Ուսուցչի տոնի առթիվ.

«Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին և շնորհակալություն հայտնում իրենց աշխատանքի համար: Հատկապես այս օրերին դա պահանջում է լրացուցիչ ջանք՝ հաշվի առնելով, որ մեր երկրում են գտնվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 21 հազար դպրոցահասակ տարիքի երեխաներ, որոնց կրթության ապահովումը նույնպես ուսուցիչների ուսերին է»:

Անցնելով հարցի զեկուցմանը՝ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի և կրթության ռազմավարության կարևորագույն թիրախ է հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումը, որը տևական ժամանակ նախապատրաստվում և փորձարկվում էր:

«Սեպտեմբերից սկսել ենք հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրումը հանրապետության բոլոր դպրոցներում: Այն մի շարք նոր պահանջներ է առաջադրում ուսուցիչներին, որոնք կապված են գնահատման համակարգի փոփոխությունների, դասի պլանավորման և անցկացման որակական նոր պահանջների, կրթական մեթոդների բազմազանեցման, երկարօրյա հավելյալ դասընթացների կազմակերպման և մի շարք այլ նոր խնդիրների հետ, որոնք առաջին հերթին միտված են դպրոցներում կրթության որակի բարձրացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ այդմ, նախարարի խոսքով, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք և այդպիսով աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարևոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա: «Ներկայում ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ, որը գործնականում թույլ չի տալիս լուծել նշված խնդիրները: Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ հանրակրթության նոր չափորոշչով տարրական դասարաններում միավորային գնահատման համակարգը չի գործում, և ուսուցիչները զգալի ժամանակ պետք է հատկացնեն ձևավորող գնահատման մեթոդներով սովորողների հետ աշխատելու համար: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար շաբաթական դասաժամերը սահմանել 1 դրույքի համար 18 ժամ, իսկ 5-12-րդ դասարաններում՝ 20 դասաժամ: Սա կհանգեցնի տարրական դասարանում դասավանդող ուսուցիչների 1 դրույքի վարձատրության՝ 20 տոկոս, իսկ 5-12-րդ դասարաններում դասավանդողների վարձատրության՝ 10 տոկոս աճին»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխությունները կիրականացվեն փուլային տարբերակով՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց:

Ըստ այդմ՝ սեպտեմբերից նման ձևաչափով կարգավորվում են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասավանդման գործընթացները, մյուս ուսումնական տարվանից դրան կավելանան ևս 4 դասարաններ, իսկ հաջորդ տարում՝ մնացած դասարանները:

«Նախագծի ընդունումը կնպաստի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, այլև կրթության որակի բարելավմանը, քանի որ մանկավարժական տեսանկյունից շաբաթական դասավանդման ժամերը, ինչպես հիմնավորված է տեսությամբ և հետազոտություններով, պետք է չգերազանցի 20 ժամը: Այդ կարգավորումները ժամանակին գործել են նաև Հայաստանում, հետագայում՝ 2000-ականներին, վերանայվել են՝ դառնալով 22 ժամ՝ զուտ ֆինանսական խնայողություններ ձևավորելու հիմնավորմամբ՝ դրանով իսկ առաջ բերելով կրթության որակի անկման լուրջ ռիսկ»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծով կարգավորվում է նաև արտադպրոցական հաստատությունների մանկավարժների միասնական աշխատաժամանակի խնդիրը, որն իրականացվել է գործող իրավակարգավորումների վերլուծության և համայնքների ու հաստատությունների հետ մանրակրկիտ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով, որ դրանց ճնշող մեծամասնությունը համայնքային ենթակայության են: Ըստ այդմ՝ առաջարկվում է արտադպրոցական հաստատություններում կիրառել շաբաթական 20 ժամ դասավանդման սկզբունքը: Այդ դրույթն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ հաշվի առնելով, որ դրանից բխող ֆինանսական հետևանքներ կան, և որոշակի ժամանակահատված է պետք, որ համայնքներն իրականացնեն անհրաժեշտ փոփոխությունները:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի