Նա բարի էր, անկեղծ, պարզ, մարդասեր, միշտ ժպտում էր ու շատ էր սրտնեղում, երբ ինչ-որ մեկին տխուր էր տեսնում։ Այսպիսին էր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մոնթե Մեսրոպյանը, ով ցավոք, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, զոհվել է հակառակորդի արկի պայթյունից։
«Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 1-ին, խոսել էր իր մայրիկի հետ՝ ասելով, որ իր հետ ամեն ինչ նորմալ է ու, եթե անծանոթ համարներից զանգեն, իր մասին վատ բաներ ասեն՝ չհավատան, մինչև ինքն անձամբ կզանգի։ Ու հոկտեմբերի 2-ին զոհվել էր։ Ես մինչ օրս չեմ համակերպվում կատարվածի հետ։ Միշտ իրեն սպասելու եմ։ Ճիշտ է, արդեն 3 տարի անցել է, բայց ամեն օր սպասում եմ իրեն․․․»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշեց Մոնթեի հորեղբոր դուստրը՝ Լիլիա Միդեյանը։


Նա հիշում է՝ Մոնթեն սիրում էր կոնստրուկտորներ և գլուխկոտրուկներ հավաքել։
«Մանկուց շատ էր սիրում հեռախոսներ, 3 տարեկանից տարբերում էր բոլոր մոդելներն ու կարողանում էր վերացնել ցանկացած անսարքություն։ Ավելի մեծ տարիքում առանց համակարգչային կրթության ստեղծում էր խաղեր, համակարգչային ծրագրեր, վերանորոգում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոններ։ 4 տարեկանից մեծ սեր ու հակում ուներ դեպի ավտոմեքենաները՝ ամենագնացները։ Սիրում էր բնությունը, մշակում էր շատ բույսեր ու ծաղիկներ։ Շատ էր սիրում մոտոցիկլ վարել ու դրա համար անցել էր աշխատանքի՝ որպես վարորդ-առաքիչ։ Ի դեպ, ինչ խաղալիք ուներ՝ տանկ էր։ Տետրերում անգամ տանկ էր նկարում։ Մեր Մոնթեն արդեն փոքր եղբայր ունի, ով հոկտեմբերի 20-ին կդառնա 1 տարեկան։ Նրա անունը ևս Մոնթե է ու անչափ նման է եղբորը»,- ընդգծեց Լիլիան։


Մոնթեն սովորել է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետը։ Ավարտելով 1-ին կուրսը և կիսատ թողնելով ուսումը՝ զորակոչվել է բանակ՝ 2019 թվականի հուլիսի 17-ին։ Ցանկություն ուներ ուսումը շարունակել ծրագրավորողի մասնագիտությամբ։ 2020 թվականի Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զորամասի տագնապ հրամանով բարձրացել և տեղակայվել է Ջաբրայիլի (Մեխակավան) նախանշված դիրքեր։ Պատերազմի ընթացքում իր տանկով և իր հրամանատարությամբ խոցել է մարտական տեխնիկաներ և ԱԹՍ-ներ։ Վիրավորվել է, բայց չի դադարել կատարել իր պարտքը՝ Հայրենիքի հանդեպ։ Հոկտեմբերի 2-ին՝ ըստ նախնական տվյլաների, տանկով դուրս է եկել մարտի և ցավոք, զոհվել է հակառակորդի արկի պայթյունից։ 5 ամիս շարունակ անհետ կորած համարվելուց հետո գտնվել են մասունքները և հուղարկավորվել Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Մոնթեն ծնվել է 2001 թվականի փետրվարի 24-ին՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում։