Խոսք Միտք Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 22:31 01-10-2023

Որոշ տականքներ խաբում են մեր հայրենակիցներին` վերցնելով կանխավճարն ու չտալով բնակարանը. Արսեն Թավադյան

Բոլորը համաձայն են, որ առաջնային հարցն այժմ Արցախից տեղահանված հայերի շուտափույթ ինտեգրումն է: Մարդիկ են մեր երկրի իրական հարստությունը և որևէ մեկի արտագաղթը լուրջ կորուստ է:
Ի տարբերություն 80-90-երի, երբ ունեցանք Բաքվից և Ադրբեջանի ԽՍՀ այլ հատվածներից տեղահանված հայեր, որոնց չկարողացանք պահել մեր երկրում, իրավիճակն այժմ այդքան բարդ չէ:

Արցախից եկած հայերը չունեն մշակութային, իրավական ինտեգրման խնդիր: Նրանք սովորել են հայկական դպրոցներում, դիտել են հայկական հեռուստաալիքներ, գտնվել են հայկական իրավական և տնտեսական դաշտում:

Միակ լուրջ խնդիրը տնտեսական ինտեգրումն է` մարդկանց համար արժանավայել աշխատելու և ապրելու պայմանների ստեղծումը: Այս խնդիրը նույնպես այդքան բարդ չէ, ինչքան 90-ականների սկզբին, որովհետև այժմ մենք ունենք կայացած իրավական դաշտ, որն ապահովում է գրեթե բոլոր անհրաժեշտ գործիքակազմերը:
Արդյո՞ք պետությունն օգտագործում է այդ գործիքակազմերը` ոչ: Արդյոք առանց այդ գործիքակազմերն օգտագործելու հնարավոր է Արցախի հայերին տնտեսապես ինտեգրել` միայն անհատական ջանքերի շնորհիվ, ինչը չի կարող արդյունավետ լինել:

Ամենակարևոր հարցը բնակության հարցն է: Իշխանությունը ձեռքերը լվացել է բնակարանային հարցի լուծումից, չնայած Սահմանադրությամբ մեր պետությունը սոցիալական է հռչակվում:
Դա է պատճառը, որ Հայաստանում այս առաջնային սոցիալական պահանջը չի ապահովվում: Բնակարանի միջին վարձակալության գինը մի քանի անգամ բարձր է նվազագույն աշխատավարձից և զգալիորեն բարձր միջին աշխատավարձից: Մեկ քառակուսի մետր բնակարանի կառուցման արժեքը 400-600 ԱՄՆ դոլար է, սակայն առաջնային շուկայում այդ մետրը վաճառվում է մոտ 2000 դոլարով:
Կարո՞ղ է արդյոք պետությունը լուծել այս սոցիալական խնդիրը` Այո: Եվ դա ոչ միայն արցախցիների, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների առջև սոցիալական պարտավորություն է:

Կա մի քանի ճանապարհ`
1. Ընդունել բնակարանային օրենսդրության զարգացման ռազմավարություն, բնակավայրերում վերջապես ներդնել նորմալ տարածական պլանավորում, կոոպերատիվ և սոցիալական բնակարանաշինության մոդելներ,
2. Բնակելի տարածության վարձակալության շուկան դարձնել կարգավորվող: Ինչպես այլ հանրային շուկաները` ջուր, էլեկտրականություն, գազ, բնակարանով ապահովումն առաջնային բարիք է: Այն չի կարող թողնվել ազատ շուկային: Պետությունը պարտավոր է փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 671-րդ հոդվածը` նշելով, որ վարձակալության վճարի առավելագույն շեմը սահմանում է կառավարությունը:
Դրա հետ մեկտեղ պետք է անպայման վերանայել բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը պարտադիր նոտարական վավերացնելու և գրանցելու կարգավորումը: Սա իրականում լուրջ բացասական հետևանքներ ունի վարձակալների համար:
3. Վերոնշված երկուսը երկարաժամկետ քայլեր են: Կառավարությունը կարող է նաև շատ արագ հայտարարել արտակարգ դրություն, որի ընթացքում կարող է սահմանափակել ազատ բնակարանների սեփականատերերի օգտագործման իրավունքը` որոշակի ժամկետով տալով այդ բնակարանները տեղահանված անձանց:

Վերջում ասեմ, որ արդեն հանդիպել եմ բազմաթիվ դեպքեր, երբ որոշ տականքներ խաբում են մեր հայրենակիցներին` վերցնելով կանխավճար և չտալով բնակարանը: Շատ վարձատուներ կրկին բարձրացրել են վարձակալության գները:

Մի շտապեք մեղադրել հայ ազգին. սա չկարգավորվող շուկայում նորմալ վարքագիծ է` շատերը ցանկանում են հարստանալ ուրիշների դժբախտության վրա: Ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ այդպես է:
Կասեմ հակառակը` պետական ապարատի դանդաղկոտության պայմաններում մեր կամավորներն ուղղակի սխրանքներ են գործում: Մենք լավ ազգ ենք վերջիվերջո:
Արցախցիներին պահելու հարցը կոնկրետ հարց է, որն ունի կոնկրետ պատասխանատու` ՀՀ կառավարություն, որն ունի կոնկրետ գործիքակազմեր խնդիրը լուծելու համար: Եթե վերջինս չկարողանա տնտեսապես ինտեգրել արցախցիներին միակ պատասխանատուն ինքն է լինելու:

«Բոլորս ենք մեղավոր» հեքիաթները չեն անցնի:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան