Ներքին 2 տարի առաջ - 20:00 30-09-2023

Ով կանգնած է ներկայիս իշխանության կողքին, ինձ համար թշնամիների բանակում է․ Շուշան Պետրոսյան 

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին ագրեսիայից հետո, Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Բաքվի բոլոր պահանջները, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Ստեղծված իրավիճակի հետևանով Արցախի բնակչությունը հարկադրաբար լքում է իր ծննդավայրը և տեղափոխվում Հայաստան․ վերջին տվյալներով Արցախից ՀՀ ժամանած քաղաքացիների թիվը գերազանցում է 70 հազարը։

Ստեղծված ծանր իրավիճակում Երևանում և հանրապետության մյուս բնակավայրերում տարբեր նախաձեռնություններ են իրականացվում՝ արցախցիներին օգնելու և նրանց խնդիրները որոշ չափով մեղմելու նպատակով։

Հատկանշական է, որ տարիներ առաջ, երբ տարբեր գործիչներ նմանատիպ նախաձեռնություններ էին իրականացնում, շատերը, ովքեր այսօր գտնվում են իշխանության կազմում, կամ սերտ կապեր ունեն վերջիններիս հետ, քննադատում էին այդ նախաձեռնությունները՝ պնդելով, թե դա պետության գործառույթն է, պետությունը պետք է աջակցի Արցախին։ Սակայն նույն այդ գործիչները, ովքեր ժամանակին ամենախիստն էին քննադատում, այսօր լուռ են և չեն նշում, որ Արցախին ու արցախցիներին պետությունն է պարտավոր աջակցել։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով Արցախում բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացրել և նույն շրջանակների կողմից քննադատության ենթարկվել, նշեց, որ դա իրեն արդեն չի զարմացնում, քանի որ վերջիններս այնքան են շեղվել իրենց բարձրացրած թեմաներից, որ դարձել են նրա ջատագովը, ինչը ժամանակին քարկոծում էին։ «Ես արդեն չեմ զարմանում։ Տեսնես կա՞ էլի մի բան, որը ինձ պիտի զարմացնի»,- նշեց նա։

Մեր հարցին, թե ինչի մասին է նման վերաբերմունքը վկայում՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ այդ մարդկանց դեպքում՝ հարմարավետության։ «Իմ դեպքում, երբ ես դա անում էի, գիտակցում էի, որ մենք շատ բարդ տարածաշրջանում ենք ապրում, և սկզբունքս հետևյալն է, որ յուրաքանչյուրս պետք է զինվոր լինենք, որպեսզի հնարավոր որևէ ձևով, մեր ծառայությամբ ծառայենք երկրին, բանակին, սահմանին կանգնած տղերքին, մշակութային ծրագրեր իրականացնենք, որպեսզի բացի Երևանից ծայրամասերում բնակվող մարդիկ նույնպես անմասն չմնան մշակութային ծրագրերից և այլն։ Իմը պարզապես երկրի, քաղաքացու մոտեցում էր»,- ասաց նա։

Հարցին, թե ներկայումս իրականացվող նախաձեռնությունները բավարա՞ր են արցախցիների կարիքները հոգալու և ստեղծված ծանր իրավիճակը որոշ չափով մեղմելու համար՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այսօր արցախցիների կարիքները հոգալու առաջին գործոնը նրանց հոգեբանական ծանրագույն վիճակը հաշվի առնելն է, որն ամենակարևորն է, իսկ ինչ-որ բան անելուց էլ պետք է մեծ-մեծ չխոսել և հրամաններ չարձակել.

«Այսինքն իրենց թվում է, որ իրենք գործ են անում, ապա պետք է դրանից հետո պետք է պահանջատիրական բաներ անեն, ո՜չ։ Արցախն իրենց ծննդավայրն է, իսկ հայրենիքը մեկն է, իրենք իրենց հայրենիքում են։ Ուրեմն բոլորս պետք է մեջք մեջքի տանք, այս պահին մենք պետք է լինենք իրենց ուժը, հենարանը, որպեսզի իրենք կամաց-կամաց ոտքի կանգնեն, ինտեգրվեն և ապրեն իրենց հայրենիքում, ավա՜ղ ոչ ծննդավայրում, ու գոնե իրենցից սովորենք նման կերպ քաղաքը սիրել ու մաքրել։ Գոնե այդ մասով պետք է ձայններս կտրենք՝ ինչպես էին սիրում ու փայլեցնում մեր գեղեցկագույն Ստեփանակերտը»։

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանությունները ցանկանո՞ւմ են, որ արցախցիները մնան ՀՀ-ում և ինտեգրվեն, քանի որ այդ դեպքում կարող են իրենց համար խնդիրներ առաջացնել՝ Շուշան Պետրոսյանն ընդգծեց, որ ներկայիս իշխանությունը հայատյաց է։ Նրա համոզմամբ՝ եթե նույն խնդիրը լիներ Հայաստանի մեկ այլ գավառի, կամ նահանգի հետ, ապա տեղի բնակչությունը նույն բախտին կարժանանար, նույն ֆեյքերի ջոկատը կլծվեր հայատյացության՝ սույն դեպքում արցախատյացության քարոզին, պարզապես այնպես է ստացվել, որ Արցախը՝ ոսկեղենիկ տառերով գրված այդ հրաշք նահագը, հարմար չէ մեր ներկայիս իշխանության բարեկամներին։ «Նախ հարմար չէ իր ռելիեֆով, գեղեցկությամբ, հարստությամբ, ու, բնականաբար, նրանք պետք է նրանք պետք է դա ձեռք բերեն։ Այնքան հարմար է, որ ներկայիս իշխանությունները հարմարեցված և պայմանավորված դավաճանեցին երկրին ու հանձնեցին Արցախը։ Այսինքն որևէ մարդ, ով կանգնած է ներկայիս իշխանության կողքին, կամ ինչ-որ ձևով փորձում է արդարացնել նրանց քայլերը, ինձ համար թշնամիների բանակում է։ Ինձ համար արդարացում չկա»,- կարծում է նա։

ՀՀ վաստակավոր արտիստն անդրադարձավ նաև Արցախի հայաթափմանը՝ նշելով, որ այն իր համար շատ ծանր թեմա է։ Շուշան Պետրոսյանը նշեց, որ չարիքը կհեռանա, սակայն իր կողքինները, ովքեր պահեցին նրան, իրենց հոգին վաճառեցին սատանային, ով այսօր իշխում է մեր երկրում, մնալու են։ Նա շեշտեց, որ հայրենիքից ավելի թանկ բան չկա, իսկ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են տգետները, չկայացածները, չարացածները և հայրենիքի զգացողություն չունեցողները, հայրենիքն ու հայ առաքելական եկեղեցին միայն կենացներով սիրողները, հայրենիքի համուհոտն ու արժեքները չիմացողները և այլն։

«Սարսափելին այն է, որ երբ վաղը սա գնա, իրենք մնալու են և ապրեն մեր կողքին։ Դրանք նույն մարդիկ են, ովքեր այսօր ծիծաղում են ձերբակալված Ռուբեն Վարդանյանի վրա, որևէ հերոսի զոհվելու, կամ Արցախում մնալու մասին կեղծ լուրերի վրա։ Ամո՞թ չի։ Նրանք են այս ամենի պատճառը, ինչպես պատճառն էին նրանք, ովքեր Պիղատոսի հարցին, թե սրան ի՞նչ անել, սկսեցին գոռալ՝ խաչե՜լ, խաչե՜լ։ Նույն կառավարելի մասան է, ես իրենց թիրախը եղել եմ և կամ, դրա համար շատ լավ գիտեմ, թե դա ինչ է։ Տգիտությունն ինձ չի կարող կոտրել, իրենց հետ դժվար է վիճել, որովհետև կարելի է հաղթահարել դա՝ իրենց անտեսելով և առաջ գնալով, երբ քո գործը ճշմարիտ է, և դու ծառայում ես հայրենիքիդ։ Բայց դրանք շատ են ու մնալու են, սա գնալու է, դրանք մնալու են»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան