Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:47 28-09-2023

«Մայր Հայաստան»-ից անդամակցությունը դադարեցրել են, «Ազգային առաջընթաց»-ից՝ ոչ

Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, եթե ընդդիմադիր ուժերը համախմբվեն ու օգնեն իրար, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում սեպտեմբերի 27-ին նման հայտարարությունն արեց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Հոկտեմբերի 10-ին պետք է կայանա Երևանի ավագանու անդրանիկ նիստը, և Մարությանը ընդդիմադիր ուժերին («Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները) կոչ արեց իրար հետ համագործակցել ոչ դաշինքի տեսքով։

Նրա խոսքով՝ այսօր Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները շատ բնական պրոցես են, մարդիկ դուրս են գալիս փողոց, որպեսզի հարցերի պատասխաններ ստանան, բայց ինքը չի միանում, քանի որ կարծում է, որ երկրում իշխանափոխություն պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով։
Ավելի ուշ «Մայր Հայաստանը» հայտնեց, որ պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին։ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նաիրա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց․«Սիրելի ընկերներ և հետևորդներ, տեղեկացնում եմ, որ այս պահից սկսած դադարեցնում եմ անդամակցությունս «Մայր Հայաստան» շարժմանը, և այլևս չեմ հանդիսանում «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ: Պատճառներին կանրադառնամ ավելի ուշ: Շնորհակալ եմ ձեր հավատի և աջակցության համար»։

Oragir.News-ը փորձեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ճշտել՝ արդյո՞ք եղել են մարդիկ, ովքեր դեմ են միացմանը, այսպես ասած մանդատը վայր դրե՞լ են, պատասխանեցին, որ ոչ։ Միայն 2 հոգի ընտրություններից առաջ է ինքնաբացարկ հայտնել։

Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5-ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։

Ամենից շատ դիտված