Երևան +10°
copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 03:00 22-09-2023

Հիշեցնեմ, որ այս մեղադրանքները հերքել է հենց Հայաստանի վարչապետը․ Բայրամովը մեջբերեց Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը դադարեցրել է իր «հակաահաբեկչական գործողություններն» այն բանից հետո, երբ «Հայաստանի ղարաբաղյան խամաճիկ ռեժիմը» համաձայնել է ամբողջությամբ զինաթափվել և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Բայրամովն ասել է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում, որը նվիրված էր Արցախում ստեղծված իրավիճակին։

Բայրամովը պնդել է, թե, իբր Հայաստանն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շարունակել է անօրինական զինված կազմավորումներ ունենալ Լեռնային Ղարաբաղում։

Հակադարձելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեղադրանքներին՝ Բայրամովը հիշատակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ արված հայտարարությունը, որով հերքվել են ԼՂ հայերի զանգվածային սպանությունների մասին լուրերը։ «Հիշեցնեմ, որ այս մեղադրանքները հերքել է հենց Հայաստանի վարչապետը»,-նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավաստիացնելով, թե ադրբեջանական բանակն, իբր, չի թիրախավորել քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքներին։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ին ՀՀ-ի ներկայացրած դիմումին՝ Բայրամովը շեշտեց, որ Բաքուն «հակաահաբեկչական միջոցառումներն իրականացնում է իր ինքնիշխան տարածքում՝ միջազգային իրավունքին համաձայն»։

«Հետևաբար, Հայաստանի հերթական դիմումն Անվտանգության խորհրդին հանդիսանում է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման և նրանց ներքին գործերին չմիջամտելու մասին ՄԱԿ-ի կանոնադրության պահանջների ակնհայտ խախտում», - նշեց նա։

Նա նաև հավելեց, թե «Հայաստանն ինքը, անտեսելով իր միջազգային պարտավորությունները, անխուսափելի է դարձրել Ադրբեջանի կողմից այս միջոցառումների իրականացումը»։

«Հայաստանը փորձում է Ադրբեջանին մեղադրել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու մեջ, այդ պնդումը հիմնազուրկ է, հակառակը՝ Հայաստանն է կոպտորեն խախտել իր պարտավորությունը նշված փաստաթղթի շրջանակում, որի համաձայն պետք է իր ուժերը դուրս բերեր Ադրբեջանի տարածքից։ Վերջին երեք տարիներին այդ հայտարարության ստորագրումից ի վեր Հայաստանն ավելի քան տասը հազար զինվորական է պահել այնտեղ այնպիսի ծանր զինամթերքով, ինչպիսիք են՝ տանկերը, այլ զինված տրանսպորտային միջոցները, հրետանային միջոցները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ականանետերը, ռադիոէլեկտրոնային սարքավորումներ եւ այլ հարձակողական զենք է պահպանել Ադրբեջանի տարածքում։

Այդ ապօրինի զինված ուժերը պահպանվել են Հայաստանի ռազմատեխնիկական և ֆինանսական ուղղակի աջակցությամբ՝ այդ թվում չարաշահելով Լաչինի ճանապարհը՝ փորձելով անջատողականություն սնուցել Ադրբեջանի տարածքում՝ հանուն իր ռեւանշիստական քաղաքականության։ Հակաահաբեկչական միջոցառումները ցույց տվեցին, թե ինչպիսի մասշտաբ ունի Հայաստանի կողմից իրականացված ապօրինի ռազմականացումը՝ ի հեճուկս եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորության, որով պետք է դադարեցներ ռազմական գործողություններն ընդդեմ Ադրբեջանի և դուրս բերեր իր ուժերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից», - ասաց Բայրամովը։

Իր խոսքում նա ընդգծեց, որ Անվտանգության խորհրդը «հերթական անգամ անպատասխանատու կերպով շահագործելը, ինչը լրջորեն խարխլում է այս ազդեցիկ մարմնի հեղինակությունը, ինչպես նաև նրա նկատմամբ վստահությունը, բացարձակապես անընդունելի է և պետք է լիովին մերժվի»։

«Այն նաև հակաարդյունավետ է և անտեղին։ Մինչ ԱԽ-ն այսօր բանավեճ է կազմակերպում իբրև Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության մասին, հակաահաբեկչական գործողություններն արդեն ավարտվել են, և տեղում գործնական երկխոսություն է ծավալվել Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի էթնիկ հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ», - ասաց երկրի ԱԳ նախարարը։

Բայրամովի խոսքով՝ Եվլախ քաղաքում «հայ բնակիչների» ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչն ընդգծել և ներկայացրել է Ադրբեջանի կառավարության ծրագրերը՝ կապված ինտեգրման եւ ենթակառուցվածքների վերականգնման հետ, դրանց գործարկման հետ կապված հարցերը ևս քննարկվել են. «Սոցիալական և մարդասիրական հարցերի քննարկման համատեքստում հայ բնակիչների դիմումով սոցծառայությունների համար վառելիք, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և այլ արտակարգ ծառայությունների համար վառելիքի մատակարարում է ակնկալվում շուտով իրականացնել համապատասխան կենտրոնական կառավարության մարմինների կողմից», - ասաց նա։

Բայրամովը հայտարարեց, որ այդ երկխոսությունը նախկինում հնարավոր չէր «հայկական կողմի խոչընդոտման պատճառով, որը հենվում էր Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապօրինի ռազմական ներկայության վրա»։

Նրա խոսքով՝ 24 ժամվա ընթացքում ԼՂ-ի տարածքում մեծ թվով ռազմական տեխնիկա է գրավվել, մինչդեռ «ոչ մի երկիր նման իրավիճակ իր տարածքում չէր հանդուրժի»։
«Ոչ մի ինքնիշխան պետություն չի հանդուրժի նման անօրինական ռազմական ներկայություն իր տարածքում։ Ադրբեջանը ևս չի կարող դա անել։ Իր բոլոր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ադրբեջանը ձեռնարկել է գործողություններ, որոնք լիովին համապատասխանում են իր իրավունքներին, որոնք բխում են միջազգային իրավունքից և սեփական Սահմանադրությունից։ Այսպիսով, Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ուժի ապօրինի կիրառմամբ նոր ստատուս քվո ստեղծելու և գորշ գոտի պահպանելու Հայաստանի համակարգված փորձերը կասեցվեցին», - եզրափակեց Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ձեզ գուցե հետաքրքրի