Ներքին 2 տարի առաջ - 16:45 28-08-2023

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կորեայի ԱԳ նախարարի հետ 

Օգոստոսի 28-ին Սլովենիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաև նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Այս համատեքստում կարևորվել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալության հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ուշադրություն հրավիրելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն մարտահրավերներին:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների հիմնարար դրույթները, այլև Լաչինի միջանցքը փակ պահելով՝ բացահայտ անարգանք է դրսևորում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների նկատմամբ:

Վերահաստատելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն իր գործելաոճով խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը