Երևան +20°
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:09 25-08-2023

Էս կառավարությունը քանդեց մեր երկիրը. Սարի Թաղի բնակիչը՝ Մանե Թանդիլյանին

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Սարի Թաղում իրականացրած քարոզարշավի ընթացքում տեղի բնակիչները «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հետ զրուցում նշեցին, որ տները և այլ կառույցներ, որոնք գնել են շատ վաղուց, հետո պարտաճանաչ կատարել են բոլոր վճարումները, այժմ չեն կարողանում սեփականաշնորհել։

«Մինչև էս կառավարությունը չփոխվի, ոչ մի բան տեղից չի շարժվի, որովհետև քանդեց մեր երկիրը»,- դիմելով Մանե Թանդիլյանին՝ ասաց Սարի Թաղի բնակիչ Ռիտա Արիստակեսյանը։

«Ասում են՝ անօրինական, անհատույց տուն է, եթե քանդվի, հատուցում չի լինելու, 44 թվականին ենք գնել, գծագրերն ունեինք, բայց կորցրել ենք, պապաս ժամանակին չի սեփականաշնորհել։

Դիմել ենք, որ սեփականաշնորհենք, բայց ահագին գումարի հարց է, ես նպաստառու եմ ու թոշակառու, չեմ կարող»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր հարցին՝ իսկ ինչու չեն սեփականաշնորհում, քանդելու նպատա՞կ ունեն, վերջինս պատասխանեց. «Չէ, պարզապես ուզում ենք սեփականաշնորհել, որ հետագայում մեր էրեխեքն ապահով լինեն»։

Մեկ այլ բնակչուհի էլ Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ տունը սեփականաշնորհել է, իսկ նկուղն ու ավտոկայանատեղին չի կարողանում սեփականաշնորհել. «Տան երկրորդ հարկը սեփականաշնորհել եմ, հիմա ուզում եմ պադվալը սեփականաշնորհել, ասում են առանձին պետք է սեփականաշնորհել, ապօրինի կառուցված գարաժ ունեմ, էլի ասում են առանձին պիտի սեփականաշնորհեմ, եթե իմ հողատարածքում է գտնվում, ինչո՞ւ չպիտի կարողանամ բոլորը միասին սեփականաշնորհել»։

Մեր հարցին՝ որքան գումար են ուզում սեփականաշնորհման համար, բնակչուհին ասաց, որ գումարի մասին դեռևս խոսակցություն չի եղել։