Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կոնդ թաղամասի բնակիչներից շատերը երկար տարիներ է ինչ մնացել են առանց օթևանի, իսկ մյուս մասն էլ պայքարում է, որ չկորցնի իր շինությունը։
Բնակիչներն այս խնդրով արդեն 10 տարի է դիմում են քաղաքային իշխանություններին, սակայն մինչ օրս որևէ հստակ լուծում չի տրվել։
Կոնդի տարածքում գտնվող ռեստորաններից մեկը, որը պատկանում է բնակիչ Ռոզա Ստեփանյանին, երկար ժամանակ է չի գործում, քանի որ փորձում են այն ապօրինաբար խլել։
Oragir.news-ի հետ զրույցում տիկին Ռոզան ասաց՝ դիմել է քաղաքային իշխանություններին, սակայն՝ ապարդյուն։
«Ուզում եմ խոսքս բարձրաձայնել. խոսքը վերաբերվում է հանցագործներին, որ վերադաս ատյաններից ոչ ոք չի փորձում արձագանքել։ Նամակներ ենք ուղարկում տարբեր կազմակերպություններ, մեկը մյուսի վրա գցելով, մեկը մյուսին է ուղղորդում, մյուսը՝ էդ նույնին է ուղղորդում։ Չեմ ուզում անվանական ասել, բայց, եթե հերթը գա, ես բոլոր փաստաթղթերով կապացուցեմ և ցույց կտամ»,- ասաց Ռոզա Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ 2010 թվականին պայմանագիր են կնքել «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերության հետ, որպեսզի չկորցնեն իրենց գույքը, սակայն պայմանագիրը կնքելուց հետո՝ 2012 թվականին, իրավահաջորդություն է վերցրել «Դիվոլոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ն, որին Կոնդի բնակիչները տվել են իրենց համաձայնությունը։
Տիկին Ռոզան ասաց, որ միայն տեսել են «Դիվոլոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ի տնօրեն Գնել Քոչարյանին։
«Միայն Գնելին ենք տեսել օրը մեջ՝ խնդրանքով, որ խնդրում եմ դատարան մի տվեք, համբերեք։ Սպասել ենք։ Ու շատ պատահաբար, տարիներ անց՝ 2016-2017 թվականերին մեզ ուղորդում է իրենց ծրագրի ղեկավարի՝ Դավթյան Հայկի մոտ։ Դավթյան Հայկը շատ սիրուն, իր կաբինետում նստած, կոնյակն ու դեղձը վայելելով պատասխանեց, որ նժարի վրա հավասա՞ր են ձեր գույքը և այն, ինչը որ պետք է ստանաք։ Կարծես իր հոր տանից էր տալիս այդ գույքը»,- ասաց բնակիչը։
Կոնդի բնիկ բնակիչներից Ալլա Մանուկյանը, ով Կոնդի չորրորդ սերնդի բնակիչ է, մեզ հետ զրույցում ասաց, որ երկու անգամ է ունեզրկվել։
«2008 թվականի նոյեմբերի 18-ին հերթական դատական նիստին եմ գնում, դուռս փակում եմ, գնում եմ դատական նիստին, հարևաններն ասում են տունդ քանդում են, վեշերդ հանել փողոցով մեկ թափ են տվել։ Գալիս եմ, հասնում եմ ներս, ասում եմ դուք ի՞նչ իրավունք ունեք։ Էդ Գնել Քոչարյանը, էդ հանցագործը, ցույց ա տալիս, ասում ա՝ տե՛ս տունը կալանքից հանել եմ, ինչ կուզեմ կանեմ, իմն ա, տենդերով շահել եմ։ Ասում եմ՝ հո ինձ էլ չե՞ս շահել»,- ասաց Ալլա Մանուկյանը։
Կոնդի տարեց բնակիչներից էլ Վեներա Խաչատրյանն ասաց, որ 22 միլիոն դրամ է վճարել «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ին, որպեսզի տուն ունենան, սակայն մինչ օրս ո՛չ տուն ունի, ո՛չ էլ գումարն են վերադարձրել։
«22 միլիոն գումար վճարել եմ «Դաունթաուն», որ տուն ունենանք, բայց այսօր ոչ տուն ունենք, ոչ էլ գումարն են վերադարձրել։ Ազիզ ջան, ցավդ տանեմ, խնդրում եմ՝ իմ գումարը վերադարձնեք։ Արդարություն եմ խնդրում, որ գումարը վերադարձնեն, ես բնակարան ունենամ։ Ես ապրում եմ այնպիսի բնակարանում, որ գաք տեսնեք՝ կզարմանաք»,- ասաց Վենրա Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում.