Ներքին 2 տարի առաջ - 09:30 12-08-2023

Ադրբեջանը փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև գոյություն ունեցող խորը կապերը. Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին` կապված ռուսական մամուլում տեղ գտած մի հրապարակման հետ:

Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածում, հղում անելով չներկայացված ոմն զրուցակցի` ռուսական պետական կառույցներից, հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին: Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

Այս հարցին Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է.

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հարցում Արցախի Հանրապետությունը միշտ ունեցել և շարունակում է ունենալ հետևողական դիրքորոշում: Այդ դիրքորոշումը հիմնված է ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վրա, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը, այնպես էլ՝ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների վրա:

Այս համատեքստում ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի և այլընտրանքային երթուղիների հետ, այդ թվում նաև՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու և այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ:

Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաև հակասում է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին:

Կրկին ընդգծում ենք, որ այլընտրանքային տրանսպորտային երթուղիների օգտագործման վերաբերյալ առաջարկությունն Ադրբեջանի քաղաքականության մի մասն է՝ ուղղված իր իսկ հրահրած հումանիտար աղետի և սովահարության սպառնալիքի օգտագործմանը որպես զենք և Արցախի ու նրա ժողովրդի բռնի հպատակեցման միջոց:

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որպեսզի Լաչինի միջանցքն օգտագործվի բացառապես Հայաստանում բուժում ստանալու կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման և գուցե, Արցախից Հայաստան ծայրահեղ սահմանափակ ապրանքների տեղափոխան համար՝ Բաքվի համաձայնությունը ստանալուց հետո:

Հրաժարվելով լիովին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով և առաջարկելով այլընտրանքային երթուղիներ, ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի միջև գոյություն ունեցող խորը կապերը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից:
Տվյալ նախաձեռնությունը միտված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հակամարտության համապարփակ, արդար և արժանապատիվ կարգավորման առանցքային տարրն է:

Ավելորդ չի լինի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները չեն նախատեսում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում կամ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ տեղաշարժի սահմանափակում:

Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, գտնվելով Բաքվում, 2023 թվականի փետրվարի 28-ին հաստատել է, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետերի տեղադրումը Եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան