Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:36 11-08-2023

Կոչ ենք անում Բաքվին չզրոյացնել խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել։ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այսինքն ԼՂ-ում գործող խանութները, դեղատները 2022թ․ դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել։ Սույն թվականի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների այդ թվում մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության ՀՀ կառավարական հանձնաժողովի աշխատանքային խումբը դեռևս հուլիսի 26-ին դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել և դեպի ԼՂ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ։ Այդ 1 բեռնատարների պարունակությունը հետևյալն է․ ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80տ, շաքարավազ՝ 60տ, բուսական յուղ՝ 40տ, կաթի փոշի՝ 40տ, աղ՝ 20տ, մանկական կեր՝ 12տ, դեղորայք՝ 9տ, ընդհանուր առմամբ 361 տոննա։ Բեռի այս պարունակություն հավաստվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կեռնիձորում արդեն 16 օր կայանված բեռնատարների զննմամբ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հետագայում շարասյանն են միացել ևս 2 բեռնատար՝ մեկը քաղցրավենիք արտադրող ընկերության կողմից, մյուսը՝ Ֆրանսիայից։

Փաշինյանի խոսքով հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելը չի տրվում ոչ մի բացատրության։ «Եթե մի պահ Ադրբեջանի այս գործելակերպը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելու, չդիտարկենք ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում, բացատրություն չկա, եթե այս հանգամանքը մի կողմ դնենք։ Ավելի ճիշտ, ԼՂ հումանիտար բեռների մուտքիարգելքը ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները։ Եվ իսկապես, միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի՝ ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից: Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը ապահովելու մասին»,- ընդգծեց նա՝ ուշադրություն հրավիրելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին՝ Լաչինի միջանցքը բացելու մասին և նշելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել դատարանի որոշումը. «Միջազգային ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ, և, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը»:

Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում: «Հայաստանն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը