Ներքին 3 տարի առաջ - 23:00 08-08-2023

Օդի պես անհրաժեշտ է նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Օդի պես անհրաժեշտ է նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականը

«Այս քայլով մենք ցույց տվեցինք, որ մենք պետություն ենք, և որ մենք ինքնուրույն քաղաքական գործընթաց ենք իրականացնում»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի ընտրությանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 22 կողմ, 9 դեմ ձայներով, ընտրվել է Արցախի ԱԺ նախագահ։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ԱԺ նախագահի ընտրությունը կոտրեց այն կարծրատիպը, թե Արցախում ընտրություններ կազմակերպելով՝ պատերազմ կհրահրեն։

«Դա կարևոր գործառույթ էր, որը իրականացրինք։ Մենք այն իրավիճակում ենք հայտվել, երբ թիրախավորված է մեր սուբյեկտայնությունը, և ՀՀ իշխանությունների ձեռամբ այն հասցվել է նվազագույնի, վերջերս նաև Արցախի իշխանությունների կատարած քայլերի հետևանքով։ Դրանցից մեկն էլ այն է, որ Արցախի նախագահն իր աշխատասենյակի դուռը փակեց և իջավ, վրանում նստեց, իրականում դա Արցախի սուբյեկտայնությանը շատ ուժեղ հարված էր։ Ուստի մենք այսօր պարտավոր ենք կարևորել քաղաքական ինքուրույն գործընթացները, որպես հենց սուբյեկտայնության դրսևորման նշան։ Սա պետք է նախադեպ լինի, որ մենք չխուսափենք և՛ հանրաքվեներից, և՛ համապետական ընտրություններից։

Վերադառնալով պարոն Իշխանյանի ընտրությանը՝ հույս ունենք, որ այդ փոփոխությամբ մենք տեսնելու ենք և՛ Ազգային ժողովի, և՛ Ազգային ժողովի նախագահի դերակատարության բարձրացումը, թե՛ ներիքն, թե՛ արտաքին քաղաքականության վարման գործընթացում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հարցին՝ պատահակա՞ն է համարում, որ այս փուլում Արցախի իշխանությունը նման քայլի գնաց, ընդդիմադիր գործչին ԱԺ նախագահ ընտրեց, և ըստ նրա՝ արդյոք այս որոշումը նախապես համաձայնեցված չի՞ եղել ՀՀ իշխանությունների հետ, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց․

«Արցախի նախագահը հայտնվել է մի իրավիճակում, երբ ինքը բացարձակ չի ընդունվում Արցախի ժողովրդի կողմից, լեգիտիմ չէ, նա հասկանում է իր անզոր լինելը, և վերջին շրջանում իր կատարած գործողությունները դրա վառ ապացույցն են։ Հակառակ դրան՝ ընդդիմությունն այսօր բավականին մեծ աջակցություն ունի Արցախում, ինչը իշխանությունների համար ուղիղ վտանգ է, չնայած որ մենք այս փուլում երբևէ չենք կարևորել իշխանության գալը, այլ Արցախի փրկությունը։ Հետևաբար Արայիկ Հարությունյանը փորձել է ելքեր գտնել։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից նախապես համաձայնեցնելուն, չեմ ուզում ենթադրություններ անել, բայց հաշվի առնելով վերջին ժամանակների իրադարձությունները, երբ ՀՀ իշխանությունները նոր մեթոդ են որդեգրել՝ ընդհանրապես ուշադրություն չդարձնել Արցախի Հանրապետությանը, և ինչպես Ադրբեջանի իշխանությունները, իրենք ևս համարում են, որ Արցախի հարցը փակված է և ընդամենը իրենց մատի շարժումից է կախված փակվել-չփակվելու հարցը, կարծում եմ՝ այլևս կենտրոնացած չեն Արցախում տեղի ունեցող որևէ գործընթացի վրա»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ մի օր էլ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա նախագահի պաշտոնից, և արդյոք հնարավո՞ր է շրջափակման մեջ գտնվող Արցախում ընտրություններ կազմակերպել, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․

«Նախ Արայիկ Հարությունյանը պետք է գիտակցի դրա անհրաժեշտությունը, համենայն դեպս մենք դրա անհրաժեշտությունն օդ ու ջրի պես ունենք։

Ինչ վերաբերում է ընտրություններին, եթե մենք այս աղետը հաղթահարենք, 2025 թվականի գարնանը լուրջ խնդիր ենք ունենալու նախ ընտրությունների հետ կապված, որովհետև խորհրդարան և նախագահի ընտրությունները գործող Սահմանադրությամբ նույն օրն են տեղի ունենում, հենց այդ ժամանակ էլ բարձրացվելու է ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման կամ դադարեցման հարցը։ Մենք արդեն իսկ այդ հարցում ուշացել ենք «շնորհիվ» այս իշխանությունների։ Մենք մինչ այդ պետք է ունենանք վաղուց ձևավորված կառավարություն, իշխանություն, որը 2 ելքերի դեպքում էլ կունենա իր ռազմավարությունն ու մարտավարությունը։ Այնպես որ մենք բոլոր բավարար հիմքերն ունենք ասելու, որ օդ ու ջրի պես անհրաժեշտ է Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Մենք Սահմանադրական փաթեթ ունենք պատրաստ և ընդամենը Արցախի նախագահի մի ստորագրությամբ կարող ենք հանրաքվե իրականացնել։ Եթե ժողովուրդը կողմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ապա մենք կկարողանանք այդ գործընթացի մեկնարկը տալ՝ արտահերթ նախագահական ընտրություններ կատարել,ապագայում էլ՝ խորհրդարանական ընտրություններ»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված