Ներքին 3 տարի առաջ - 17:18 26-07-2023

Ալտահար և կոմպոզիտոր Վանսան Ռուայեն համերգներով հանդես կգա Հայաստանում

Ֆրանսիացի ալտահար և կոմպոզիտոր Վանսան Ռուայեն «Լսի՛ր»‎ մարզային համերգաշարի շրջանակում համերգներով կներկայանա Կապանում, այնուհետև՝ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուայեն հուլիսի 28-ին Կապանի արվեստի պետական քոլեջում վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ, նույն օրը տեղի կունենա նրա մենահամերգը, իսկ երևանյան համերգը կանցկացվի հուլիսի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում: Այս երկրի հետ առաջին իսկ հանդիպումից տպավորվել եմ, հմայվել: Գիտակցում եմ Հայաստանի խորը արմատներն ու երաժշտական ավանդույթները: Ինձ համար կարևոր է լինել Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի հայրենիքում»,-հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վանսան Ռուայեն:

Երաժիշտը համերգներին կատարելու է Ջաչինտո Շելսիի և Հորացիո Ռադուլեսկուի ստեղծագործությունները: Ռուայեի խոսքով՝ վերոնշյալ կոմպոզիտորների գործերը հնչյունակենտրոն են, ինչն ինքը շատ է կարևորում: «Նրանց գործերի հիմքում այն գաղափարն է, որ երաժշտությունը պարզապես երաժշտություն կամ ժամանցի ձև չէ, այլ խորը երևույթ, որը կապում է մարդկանց»,-նշեց նա:
Երբ Վանսան Ռուայեն երիտասարդ է եղել, իր ճանապարհը փնտրել է երաժշտության մեջ, և այն ծրագիրը, որը կատարելու է, իր գտած ճանապարհի արտացոլանքն է:

Ըստ նրա՝ ժամանակակից երաժշտությունն արտացոլում է մեր ապրած ժամանակները, այն ունի մութ կողմեր, հարցեր, խորքային, արխայիկ շերտեր, որոնք ապագայի մասին պատկերացում են ստեղծում: Ռուայեի հավաստիացմամբ՝ հենց այդպիսին է Շելսիի և Ռադուլեսկուի երաժշտությունը, որը զերծ է մնացել մոդայիկ թրենդներից: «Այս կոմպոզիտորներին միավորում է նաև այն, որ նրանք կատարողին ասես հրավիրում են դառնալ համաստեղծագործող, համահեղինակ: Նրանց երաժշտությունը պարզապես ինտելեկտուալ ակրոբատիկա չէ, սեղանի վրա գրված կոնցեպտ չէ, այլ հարաբերություն է, հաղորդակցույթուն է մարդկային գիտակցության տարբեր շերտերի հետ՝ ինտելեկտի հույզերի, սրտի, բանականության: Այդ ամենը շատ խորն է ու ճանապարհ է դեպի հնչյունի կենտրոնը»,-շեշտեց ալտահարը:

Ծրագիրը ենթադրում է նաև իմպրովիզներ, ինչը Վանսան Ռուայեն շատ է սիրում:

«Լսի՛ր»‎ մարզային համերգաշարն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացվել է միջազգային համերգաշար՝ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչի (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենի (Գերմանիա) մասնակցությամբ:

Համերգներից բացի անցկացվել են վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն ընդգծեց, որ Վանսան Ռուայենի համերգներով եզրափակում են այս տարվա համերգային գործունեությունը: Հույս ունեն հաջորդ տարի կրկնել «Լսի՛ր»‎ նախաձեռնությունը, քանի որ այն ամրապնդում է ժամանակակից երաժշտության և մարզերի միջև կապը:

Ֆիլհարմոնիայի պրոդյուսեր Արմեն Մանասյանն էլ հավաստիացրեց, որ մարզերում սիրում են ժամանակակից երաժշտությունը, և համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլճներում:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց