Ներքին 3 տարի առաջ - 23:14 11-07-2023

Ադրբեջանի պնդումները կեղծ էին և մանիպուլացնող. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշման վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։

Դատարանը միաձայն վերահաստատում է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին, մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան «ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով»:

Հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշմամբ Դատարանը միաձայն հաստատում է, որ 2023թ․ փետրվարի 22-ի որոշումը «առանց սահմանափակման կիրառելի է» Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետի նկատմամբ և որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի առկայությունն ու շահագործումն իրավամբ ռասայական խտրականություն է:

Կարևոր է նշել, որ Դատարանը համարել է, որ «կողմերի միջև լարված իրավիճակը հաստատում է սույն որոշման արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը», որն ընդունվել է կանխելու էթնիկ հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, և որը միտումնավոր անտեսվել և մինչ օրս անտեսվում է Ադրբեջանի կողմից։

Այսպիսով, Դատարանը 2023թ. հուլիսի 6-ի որոշմամբ վերահաստատում է Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկել առկա բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և, ըստ այդմ, անհապաղ դադարեցնել իր անցակետի գործունեությունը, քանի որ դա անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները:

Կարող ենք արձանագրել, որ Դատարանի հուլիսի 6-ի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի` Դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման վերաբերյալ պնդումները կեղծ էին և մանիպուլացնող:

Կոչ ենք անում նաև միջազգային մյուս դերակատարներին, և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ և արդյունավետ իրականացումը»,-ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան