Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 23:00 11-07-2023

Արցախի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է հանրաքվե իրականացվի

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում անհրաժեշտ է ներառել Արցախի ինքնավարության հարցը, քանի որ ԼՂԻՄ-ն ունեցել է այդպիսի ինքնավարություն։ Նրա համոզմամբ՝ սա միջազգային հանրության համար ընկալելի կլինի, իսկ Ադրբեջանի կողմից մերժվելու պարագայում կհանգեցնի արտաքին ինքնավարության հարցի բարձրացմանը՝ այն է Հայաստանին միանալու ճանպարհով։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ ներկայումս Արցախը գտնվում է չափազանց ծանր իրավիճակում, և անհնար է վերջնակական ու հստակ պատասխան տալ։ Նա հայտնեց, որ Արցախում հավատարիմ են երկրի Սահմանադրությանը և վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որում Արցախը հստակ նշված է իր ամբողջական տարածքով։

«Մենք հավատարիմ ենք մնում այդ տարածքներին և Արցախի Հանրապետությունը դիտարկում այն տարածքներով, որը փաստացի կար մինչև 2020 թվականի պատերազմը, ինչպես նաև Շահումյանի շրջանը՝ Գետաշենի ենթաշրջանով։ Դրանք մեր հայրենիքի անբաժան մասն են, որոնք պարզապես թշնամին ծվեն-ծվեն է արել։ Սակայն հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք ենք գտնվում, և Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձեռամբ այսօր միջազգային հանրությունն Արցախը ընկալում է որպես Ադրբեջանի մաս, մեզ համար ընդունելի է Ռուսաստանի առաջարկն առ այն, որ պետք է պահպանել ներկայիս իրավիճակը՝ ստատուս քվոն, իսկ բանակցային գործընթացը թողնել այնպիսի ժամանակների, երբ հնարավոր կլինի ընդհանրապես բանակցային գործընթաց իրականացնել»,- նշեց նա։

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ այն ինչ հիմա տեղի է ունենում չի կարելի բանակցություններ անվանել, քանի որ դրանք ընդամենը գործընթացներ են, որոնք միտված են Արցախն Ադրբեջանին բռնակցելուն։ «Միգուցե պարոն Օսկանյանը նկատի ունի այն, երբ ադեկվատ, կամ ազգային գաղափարներով տոգորված մարդիկ կլինեն բանակցային սեղանի շուրջ։ Սակայն ներկայիս իրավիճակում, երբ կա Նիկոլ Փաշինյանն ու այդ հանցավոր խմբակը, որն իր օրակարգում ունի այն հարցերը, ինչը որ Ադրբեջանը, խոսել ի շահ Արցախի որևէ կարգավորման մասին, չեմ կարծում, որ հնարավոր է»,- կարծում է նա։

Հարցին, թե Արցախի բնակչությունը ԼՂԻՄ-ի սահմաններում ինքնավարության կարգավիճակին համաձա՞յն կլինի, եթե Ադրբեջանի ղեկավարությունը նման կարգավիճակ տրամադրի՝ հաշվի առնելով, որ այդ երկրի նախագահը հերքում է որևէ ինքնավարության տրամադրումը՝ Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է հանրաքվե իրականացվի։ Նա հիշեցրեց, որ Արցախի բնակչությունը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կրակոցների և ռումբերի տակ հանրաքվե անցկացրել է և ինքնորոշվել է այն ինքնորոշման իրավունքով, որը միջազգային ճանաչում ունի։

«Հետևաբար այս 32 տարիների ընթացքում մենք մի հանրաքվե ենք իրականացրել և դրանով մեր որոշումը կայացրել։ Ցանկացած որոշման ընդունումը, կամ փոփոխությունը պետք է տեղի ունենա միայն հանրաքվեով։ Նման հարցերը պահի տակ, որևէ մեկի՝ անգամ իմ դիտարկմամբ որոշելը հնարավոր չէ, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է բարձրաձայնել իր նեղ խմբի մարդկանց կարծիքը, բայց ոչ Արցախի բնակչության կարծիքը»,- ընդգծեց նա։

Մետաքսե Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արցախի բնակչությունն այնպիսի հոգեբանական ծանր իրավիճակում է գտնվում, սակայն նույնիսկ այս իրավիճակում իր համար ընդունելի և ընկալելի չէ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, առաջարկները, կամ այն խելագար մտքերը համաձայն որոնց՝ այսօր Արցախի անվտանգության և իրավունքների հարցը դիտարկվում է զուտ ճանապարհի բացվել-փակվելու համատեքստում։

«Ելնելով դրանից՝ չեմ պատկերացնում, որ Արցախի բնակչությունից շատ որևէ մեկը կցանկանա խաղաղություն, սակայն բոլորն են հասկանում, որ խաղաղությունը չի կարող լինել թղթի պատառիկ վրա, եթե նույնիսկ դրա տակ 100 ստորագրություն լինի։ Մենք նաև գիտակցում ենք, որ հաղթանակը ձեռք են բերում, կորցրած տարածքները՝ ևս ձեռք են բերում։ Յուրաքանչյուրս ենք գիտակցում, որ առավել ևս նման իշխանությունների պայմաններում, որոնք փորձում են խլել նույնիսկ Արցախի այս փոքր հատվածը, հնարավոր չէ խոսել մեր օկուպացված տարածքների մասին»,- նշեց պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանը հավելեց, որ այս հարցում ենթադրություն անելը դժվար է, քանի որ նախևառաջ անհրաժեշտ է դիտարկել և հասկանալ, թե դա ինչպիսի տարբերակ է, և այն ինչ կարող է տալ Արցախին։ Նա նշեց, որ Արցախի համար շատ կարևոր է իր սուբյեկտայնության աստիճանը, տարածքային ամբողջականությունը, ուստի այս իրավիճակում հնարավոր չէ այս հարցին հստակ պատասխանել, քանի դեռ այս ամենը պարզ չէ։