Ներքին 3 տարի առաջ - 09:28 10-07-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ-ի տարբեր ծրագրերի սփյուռքահայ երիտասարդներին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Գլոբալ առաջնորդության» և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդ ուսանողներին ու երաժիշտներին, ինչպես նաև Մոնրեալի (Կանադա) սկաուտական խմբին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հանդիպմանը, տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ շուրջ 35 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել հարստացնելու իրենց գիտելիքները հայոց լեզվի, հայկական երգարվեստի բնագավառներում, ի մոտո ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը և զորացնելու իրենց կապը մայր հայրենիքի հետ։

Հայոց Հայրապետը, իր գնահատանքը բերելով ՀԲԸՄ-ին նման նախաձեռնության համար, կարևոր նկատեց սփյուռքի երիտասարդ հայորդիների այցը Հայաստան, հատկապես այս դժվարին օրերին, որպեսզի վերջիններս հաղորդակից լինեն ոչ միայն հայրենիքի հոգևոր ու մշակութային արժեքներին, այլև երկրում տիրող իրավիճակին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և առկա անվտանգային խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին հայրենասիրական զգացումի նոր լիցքերով քաջալերված վերադառնան իրենց երկրներ և նախանձախնդրորեն ամեն ջանք ի գործ դնեն նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Հայոց Հովվապետը պատգամեց, որ հայորդիներն իրենց գիտելիքներով և երիտասարդական ավյունով աջակցեն իրենց համայնքների առավել զորացմանն ու միասնականության կերտմանը՝ ազգային ինքնությունը պահպանելու և հայրենիքին օգտաշատ ծառայություն բերելու համար։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին հայկական համայնքներում, Արցախում և Հայաստանում առկա դժվարությունների հաղթահարման ուղիներին։
Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հայորդիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան