Ներքին 2 տարի առաջ - 19:46 07-07-2023

Դատախազն Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Երևան քաղաքի բնակիչ Թ.Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նախ գնացել է Կառավարության, այնուհետև՝ Ազգային ժողովի վարչական շենք:

Ազգային անվտանգության քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահմաններում, Թ.Ա.-ն քայլել է Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ են հասցնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Մ.-ին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական գործունեության հետ, խմբի անդամների հետ ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը: Թ.Ա.-ն, նկատելով, որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող ԱԱԾ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Ա.Մ.-ին և կանխել ծանր հետևանքների առաջացումը, բարձրացել է հարակից հատվածում կայանված ավտոմեքենայի շարժիչի ծածկի վրա և ոտքով մի քանի անգամ հարվածել այդ պահին ավտոմեքենայի դիմացի հատվածում կանգնած Ա.Մ.-ին, որի հետևանքով ԱԺ նախագահն ընկել է գետնին:

Այնուհետև, Թ.Ա-ն, ճեղքելով Ա.Մ.-ին շրջապատած անձանց շարքերը և մի կողմ հրելով անվտանգության աշխատակիցներին, մոտեցել է իր իսկ հարվածի հետևանքով գետնին ընկած Ա.Մ.-ին և, անտեսելով այդ պահին հնչող «մեռնում ա…մի՛ արեք» կոչը, հստակ գիտակցելով Ա.Մ.-ի անօգնական վիճակը և բռնություն գործադրելու եղանակով վերջինիս սպանելու ակնհայտ հնարավորությունը, ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Ա.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին:

Թ.Ա.-ի հանցագործությունը կամքից անկախ պատճառներով չի իրագործվել, քանի որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող աշխատակիցները և ներկաներից ոմանք կանխել են նրա գործողությունները, որից հետո հրելով նրան հեռացրել են Ա.Մ.-ից:

Թ.Ա.-ի և մյուսների գործողությունների արդյունքում Ա.Մ.-ն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, անգիտակից վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:

2023 թվականի հունիսի 15-ին Թ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (պետական, քաղաքական գործչի սպանության փորձ) նախատեսված հանցանք կատարելու համար:

Թ.Ա.-ի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը:

2023 թվականի հունիսի 30-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի