Խոսք Ներքին 2 տարի առաջ - 16:28 07-07-2023

Մենք հուսահատ ճիգեր ենք արել՝ պահելու Արցախը․ ՔՊ-ական պատգամավոր

Քանի դեռ Ադրբեջանը խոսում է ռազմական հռետորաբանությամբ, բայց դեռ չի անցել մեծ ռազմական գործողությունների, բանակցությունները այդքանով արդյունավետ են: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Բանակցություններում որոշ հարցեր համաձայնեցված են, որոշ հարցեր համաձայնեցված չեն: Ինչո՞ւ երեք ամիս առաջ կամ հիմա չի կնքվեում խաղաղության պայմանագիրը, որովհետև կան հարցեր, որոնք մեզ համար կարմիր գիծ են, և որոնց շուրջ համաձայնություն չկա:

Եթե մենք հստակ գծեր քաշենք ու ասենք՝ սա է ու վերջ, նշանակում է, որ մենք մինչ այդ պետք է բանակին հրամաններ տված լինեինք, որ պատրաստ եղեք, որովհետև այդպիսի բան անելուց հետո պետք է պատրաստ լինենք, որ 10 րոպե հետո կարող է լինել հակառակ արձագանքը»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ են բանակցելու Ստեփանակերտն ու Բաքուն, եթե Հայաստանն արդեն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, նա պատասխանեց. «Նախ, ոչ միայն Ադրբեջանը, այլև Ադրբեջանի գործընկեր երկրները տարածքային հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ: Հետևաբար, երբ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, նվազագույնը մեր 29 800 քառակուսի կմ-ի հարցն ենք ֆիքսում: Եթե դու չես ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է՝ ինքն էլ քոնը չի ճանաչում: Հետևաբար, պարզ է չէ՞, ինչ է տեղի ունենում՝ նոր պատերազմ, դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ Արցախի հարցի համար մենք այս փուլում պետք է նվազագույնը այնպես անենք, որ այդտեղ մարդիկ ապրեն անվտանգ, ոչ Ադրբեջանի պատկերացրած պայմաններով, որից հետո մնացած հարցերը հետագա քննարկման են:

Միջազգային հանրության տեսակետից Երեւանն ու Բաքուն քննարկում են մի հարց, որ այդ նույն միջազգային հանրությունը համարում է, որ դա Ադրբեջանի տարածք է: Այստեղ մեր դիրքերը էապես թուլանում են: Եթե հարցը դարձնում ես տարածքային հարց, այդտեղ դու դաշնակիցներ չունես»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը պնդում է, որ պետք է Արցախում իշխանությունը հանձնվի, բանակը չլինի, այդ պայմաններում, ինչպե՞ս պետք է բանակցեն, Գևորգ Պապոյանն ասաց. «Նախկին բանակցություններն էլ են այդ տրամաբանությամբ եղել, այլ հարց է, որ գնացել մի բան են բանակցել, եկել այստեղ ժողովրդի մեջ այլ բան են խոսել: Կամ փորձագետներ են վարձել, որոնք ժողովրդին լրիվ այլ բան են ասել: Բայց ամբողջ խոսակցությունը հենց դրա շուրջ է եղել՝ որ տարածքը երբ տան, հանրաքվեն ոնց լինի, այդ հանրաքվեին ով մասնակցի, երբ մասնակցի եւ այլն: Չի եղել բանակցություննրում երբեք որեւէ տարբերակ, որ այդ 7 շրջանները չպետք է տրվեին»:

Անդրադառնալով հարցին, թե եթե իսկապես բանակցություններում եւ ռազմական հարաբերակցության առումով Հայաստանի դիրքերը ամուր չէին, այդ դեպքում ինչու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, Պապոյանն ասաց՝ մենք հուսահատ ճիգեր ենք արել պահելու Արցախը:

«Մենք հուսահատ ճիգեր ենք արել պահելու Արցախը, էապես մեծացրել ենք ռազմական բյուջեն, փորձել ենք դիվանագիտության մեջ ճեղքում մտցնել, որովհետեւ հասկացել ենք, որ բանակը պատրաստ չէ պատերազմի, դիվանագիտությունը խայտառակ վիճակում է, հուսահատ ճիգեր ենք արել ու անհաջողության ենք մատնվել: Մենք չենք հասցրել երկու տարում անել այն, ինչ պետք է արվեր 20 տարում»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իրեն թող տան 3 ամիս բանակցելու լիազորություն և այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը լռի, ինքը կկարողանա հայանպաստ լուծման բերել բանակցությունները՝ Պապոյանն ասաց․

«Վարդան Օսկանյանը 10 տարի եղել է ԱԳ նախարար, որքան գիտեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ 5-7 տարի եղել է ԱԳ փոխնախարար՝ ԼՂ հարցում ներգրավված. փաստորեն Վարդան Օսկանյանին 15 տարի երեք ամիս էր պետք: Լեւոն տեր-Պետրոսյանը նրան տվել էր 5 տարի, ռոբերտ Քոչարյանը՝ 10 տարի եւ այդ վերջին երեք ամիսը ոչ ոք իրեն չի տալիս, որ Ղարաբաղի հարցը լուծե՞ր: Սա աբսուրդ է, սա ի՞նչ հիմարություն է»։

Անդրադառնալով Օսկանյանի մեկ այլ հայտարարությանը, թե եթե Ստեփանակերտը բանակցի Բաքվի հետ, դա կնշանակի, որ մենք այլեւս չունենք Արցախ, Գեւորգ Պապոյանն ասաց. «Երբ Հայաստանը բանակցային սեղանի շուրջ հիմնական դերակատարն է եղել, դրա արդյունքում տեսանք, որ դիվանագիտորեն որեւէ լուծման հասնել հնարավոր չի եղել, այդ թվում Վարդան Օսկանյանի օրոք: Ես հավատում եմ, որ Վարդան Օսկանյանն ուզեցել է հայանպաստ լուծում գտնել հարցին, բայց չի կարողացել:

Դա նշանակում է, որ այն ճանապարհով, որով Օսկանյանը գնացել է, որի մասին այսօր խոսում է, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այդ ճանապարհը տարել է պատերազմի, հիմա եթե ինքն ուզում է 3 ամիս էլ գա ու եւս մեկ պատերազմ ստանանք, ես Վարդան Օսկանյանին դա թույլ չեմ տա: Որովհետեւ պատերազմներին, սովորաբար, Վարդան Օսկանյանի որդին չի մասնակցում, մասնակցում են մեր խեղճուկրակ ժողովրդի երեխեքը: Ես թույլ չեմ տա Վարդան Օսկանյանին եւ տարատեսակ թղթեր ստորագրողներին եւս մեկ պատերազմ բերել մեր ժողովրդի գլխին»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչն կկատարվի, եթե Բաքվի հետ ուղիղ բանակցողը լինի Ստեփանակերտը, նա արձագանքեց. «Եթե Բաքվի հետ ուղիղ բանակցողը լինի Ստեփանակերտը, Ստեփանակերտը կճանաչվի սուբյեկտ եւ իրենք իրար հետ կքննարկեն: Ադրբեջանը խուսափում է դրանից, որովհետեւ դա իրեն ահավոր ձեռք չի տալիս, դրա համար էլ մինչեւ հիմա դա չկա: Մեր խնդիրն է դա անել, որովհետեւ եթե դա իրենց համար այդքան լավ բան լիներ, իրենք դա կընդունեին: Իրենք միշտ ցանկացել են Երեւանի հետ բանակցել, որովհետեւ այդտեղ իրենց դիրքերն ուժեղ են: Բանակցել արցախցու հետ, նշանակում է բանակցել մի մարդու հետ, ով իր իրավունքների, իր կյանքի համար է բանակցում: Իսկ բանակցել Հայաստանի հետ, նշանակում է բանակցել մեկի հետ, որն ուզում է ուրիշի տարածքի հետ կապված հարցեր լուծել»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան