Ներքին 3 տարի առաջ - 16:33 04-07-2023

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ էնտերովիրուսային վարակներն ակտիվանում են․ զգուշացում

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) զգուշացնում են, որ աշխարհում՝ այդ թվում Հայաստանում, ժամանակ առ ժամանակ դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների ակտիվացում:

Հիվանդությունն ակտիվանում է գերազանցապես ջերմաստիճանի բարձրացման հետ:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից մանրամասնում են, որ էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդություններ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմաձև կլինիկական ախտանշաններով` կենտրոնական նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախատահարումով:

Ըստ աղբյուրի՝ հիմնական հարուցիչները Կոկսակի և ECHO տիպի էնտերովիրուսներն են, որոնք կայուն են արտաքին միջավայրում, ցածր ջերմաստիճանների, չորացման, տաքացման նկատմամբ: Մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս:

Էնտերովիրուսների առանձնահատկություններից է առողջ վիրուսակրության առաջացումը: Աղիներում կարող են պահպանվել մինչև 5 ամիս և այս ժամանակամիջոցում արտազատվել արտաքին միջավայր:

Մեծամասամբ էնտերովիրուսային վարակներն ընթանում են անախտանիշ, կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով՝ տենդ, ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում: Էնտերովիրուսներն առաջացնում են նաև լուրջ կլինիկական ընթացքով հիվանդություններ` շճային մենինգիտ, էնցեֆալիտ, սուր կաթված, նորածնային սեպտիկ հիվանդություն, հեպատիտ, միոկարդիտ և այլն:

Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային) և օդակաթիլային ճանապարհներով:

Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիրը: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խումբ են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից զգուշացնում են, որ Էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է` պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, ծածկել քիթը և բերանը հազի և փռշտալու ժամանակ)՝ հատկապես նորածինների խնամքի պարագայում, միրգը և բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով, խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել, խուսափել պատահական վայրերում սնվելուց և չօգտագործել կասկածելի ջուր։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում