Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:50 01-07-2023

ԱՄԷ-ի և Հայաստանի հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում. Հայաստանում ԱՄԷ դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Նարիման Ալ-Մուլլան Հայաստանի և Էմիրությունների միջև հարաբերություններն ամուր է համարել և ընդգծել, որ այդ հարաբերությունները պատմական դարաշրջան են թևակոխում:

Ինչպես տեղեկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների WAM լրատվական գործակալության հրապարակումից, դեսպանը ԱՄԷ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ նշել է, որ կարևորում է երկու երկրների ձգտումն՝ ամրապնդել իրենց պատմական համագործակցությունը ՝ ի շահ այդ երկրների և ժողովուրդների:

Նարիման Ալ-Մուլլայի խոսքով՝ Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ՝ հատկապես տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում:

WAM-ի հրապարակման մեջ նշվում է՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄԷ-ի և Հայաստանի ղեկավարության առաջադրանքների համաձայն՝ փոխադարձ տնտեսական գործընկերությունները շարունակական աճ են գրանցում՝ երկու երկրների շուկաներում ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով գործարար համայնքի և մասնավոր հատվածի համար:

Նա հավելել է, որ ԱՄԷ-ի և Հայաստանի միջև կան խոստումնալից հեռանկարներ մի քանի ոլորտում, որոնք դրական ազդեցություն կունենան տվյալ երկրների վրա: Այս ոլորտներն են առողջապահությունը, դեղագործությունը, անշարժ գույքի զարգացումը, ենթակառուցվածքներն ու լոգիստիկան, հեռահաղորդակցությունը, գյուղատնտեսությունը և այլն: Ըստ հրապարակման՝ դեսպանը վերահաստատել է դեսպանության հանձնառությունը՝ խթանելու տնտեսական և առևտրային կապերը՝ բոլոր ոլորտներում։

Ալ-Մուլլան նաև կոչ է արել բիզնեսին՝ օգտվել ազգային տնտեսության կողմից տրամադրված առավելություններից և խթաններից՝ ԱՄԷ-ի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաներում հետագա աճի և ընդլայնման հասնելու համար:

Դեսպանը վերահաստատել է 2023 թվականի նոյեմբերին ԱՄԷ-ում «Expo City Dubai»-ում կայանալիք COP28 կլիմայական համաժողովի կարևորությունը կլիմայի գլոբալ գործողությունների ակտիվացման համար և ողջունել Հայաստանի մասնակցությունն այս առանցքային միջազգային համաժողովին:

WAM-ի հրապարակման մեջ նշվում է, որ 2023 թվականին ԱՄԷ-ն և Հայաստանը նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը ՝ 1998 թ. հունիսի 25-ին Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրումից հետո:

Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը բացվել է 2000 թվականին, իսկ Երևանում ԱՄԷ դեսպանությունը բացվել է 2015 թվականին: Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նույնպես բացվել է 2017 թվականին:

ԱՄԷ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զգալի զարգացում են ապրել, իսկ երկու երկրների պաշտոնատար անձանց միջև փոխայցելություններն ու հանդիպումները հանգեցրել են հետագա համագործակցության:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան