Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:33 26-06-2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, բազմոլորտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարը հատկապես կարևորել է Ֆրանսիայի աջակցությունը՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը, որը նպաստում է դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք այլ ծրագրեր:
Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թ. Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրերի շրջանակում Հայաստանը մասնակցել է Փարիզի Սինեմատեկում անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնին, որտեղ ցուցադրվել են Համո Բեկնազարյանի «Դուստր», «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» ֆիլմերը: Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի«Կաննի դասականներ» բաժնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության բացառիկ նմուշներից՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» վերականգնված ֆիլմը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայում և Հայաստանում Շ. Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող «Հայաստան. մշակութային ժառանգության պահպանում, արժևորում և մասնագետների պատրաստում» ծրագրին:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: