Երևանի կենդանաբանական այգին ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար:
Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին է ներկայացրել տնօրենի ժ․պ․ Արմեն Հարությունյանին։
Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը
Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով վերջերս հաճախակի դարձած փոփոխությունների մասին, ասաց, որ յուրաքանչյուր քաղաքապետի փոփոխության հետ մենք տեսնում ենք նման փոփոխություններ և դրանք տեղի են ունենում նաև վարչություններում։
«Կենդանաբանակական այգու տնօրենը հեռացավ Հրաչյա Սարգսյանի հետ։ Նրա հետ հեռացան ոչ միայն կենդանաբանական այգու տնօրենը, այլև վարչական շրջանների ղեկավարները։ Երբ մենք նայում ենք, տեսնում ենք, որ քաղաքապետի փոփոխության հետ փոփոխություններ են տեղի ունենում նաև այդ օղակներում, ինչը շատ վատ է և ցնցումներ է բերում այդ համակարգում։
Աբգարյանը շեշտեց, որ իր համար տարօրինակ են նման փոփոխությունները. «Ես ճիշտ եմ համարում այն, որ յուրաքանչյուր ղեկավար երկար մնա իր տեղում, մինչև մեկը ծանոթանում է խնդիրներին, բնակիչներին լսում է, հանդիպումներ ունենում, հետո գալիս է մյուսը, և այդ բնակիչը ստիպված գնում է նոր մարդու մոտ։
Հիմա նույնը կենդանաբանական այգում է. մինչև մեկը ծանոթացավ խնդիրներին, իր ծրագիրը մշակեց, կրկին պիտի փոխվի, սա շատ վատ է»,- ասաց Աբգարյանը։
Խոսելով կենդանաբանական այգու ներկա և նախկին տնօրեններից՝ Աբգարյանը ասաց. «Ներկայում մարդ է, ով եղել է կենդանաբանական այգում, տեղյակ է ամեն ինչից, նա ժամանակավոր պաշտոնակատար է, բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ ընտրություններից հետո նոր պարզ կդառնա, թե ով կլինի մշտական ներկայացուցիչը և ղեկավարը։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ այլ ելք չկա, որովհետև մինչև ընտրություն մնացել է երեք ամիս և ժամանակավոր պաշտոնակատարի ֆիգուրը այդքան կարևոր չէ, այլ կարևոր է այն, թե ով կլինի սեպտեմբերին։ Հուսանք, որ մենք ի վերջո կունենանք ավելի կայուն իշխանություն և չենք ունենա այդ անընդհատ փոփոխվող խայտառակ վիճակը»,- եզրափակեց Աբգարյանը։