Ներքին 3 տարի առաջ - 14:27 17-06-2023

Մեղրիում ռուսական կենտրոն է բացվել

Մեղրիում բացվեց 10-րդ ռուսական կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կենտրոնի բացումը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությունն է: Կարմիր ժապավենը կտրեցին ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:

Նախագիծն իրականացվել է ՌԴ Նախագահի աշխատակազմի, Մեղրիի քաղաքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:

Մեղրիում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ռուսերենի անվճար դասընթացների սաները պատրաստել էին ելույթ, որի ընթացքում կատարեցին հայկական և ռուսական ժողովրդական պարեր, երգեր ու բանաստեղծություններ:

«Ռուսական կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն է բոլորիս համար։ Նման կենտրոնները լրացուցիչ հնարավորություն են բարելավելու ռուսաց լեզվի գիտելիքները։ Ռուսերենի իմացությունը լայն հնարավորություններ է բացում հետագա մասնագիտության ընտրության գործում։ Այս համատեքստում կենտրոնները կարևոր դեր են խաղում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթամշակութային երկխոսության ընդլայնման գործում»,–նշեց ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։

ՌԴ Նախագահի աշխատակազմը նորաբաց կենտրոնին նվիրեց 3D տպիչ, որը կօգնի կրթական գործընթացն ավելի հետաքրքիր դարձնել և երեխաների մոտ զարգացնել ստեղծագործ մտածողությունը:

«Ուրախ եմ ներկա գտնվել 10-րդ հոբելյանական ռուսական կենտրոնի բացմանը։ Ռուսաստանի մշակութային և հումանիտար ներկայությունն ապահովում են նաև ռուսական կենտրոնները։ Ի վերջո, ռուսաց լեզվի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հետագայում ընդունվել ռուսական համալսարաններ: Ամեն տարի Ռուսաստանը հարյուրավոր տեղեր է հատկացնում հայ շրջանավարտներին, որպեսզի նրանք սովորեն, մասնագիտություն ստանան և վերադառնան Հայաստան: Այդ գործում իրենց ներդրումն են ունենում նաև Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից բացված ռուսական կենտրոնները»,–նշեց Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի 8 մարզերում բացված ռուսական կենտրոնների գործունեությունը, որոնք ուղղված է ռուսական մշակույթի, պատմության և լեզվի ներկայացմանն ու հանրահռչակմանը: Բացի ռուսաց լեզվի անվճար դասընթացներից, կենտրոններում անցկացվում են լրացուցիչ կրթության դասընթացներ, որոնց շնորհիվ երեխաները ծանոթանում են ռոբոտաշինության հիմունքներին, սովորում են ֆինանսական գրագիտություն և նկարահանում են իրենց առաջին անիմացիոն ֆիլմերը: Կենտրոնի հարուստ գրադարանի շնորհիվ քաղաքացիները կարող են ուսումնասիրել ռուս գրողների ստեղծագործությունները, հետաքրքիր փաստեր իմանալ Ռուսաստանի և Մոսկվայի մասին:

«Հայաստանի մարզերում բացված ռուսական կենտրոնների միջոցով «Դոմ Մոսկվի»-ին ջանում է իր լուման ներդնել մեր երկրների և ժողովուրդների միջև կրթամշակութային երկխոսության զարգացման գործում։ Մենք գիտակցում ենք, որ գրագետ, կիրթ սերունդը երկրի զարգացման ու բարգավաճման երաշխավորն է: Վստահ ենք, որ երեխաներին արժանապատիվ կրթություն տալով՝ ապագայում կունենանք ավելի զարգացած և առաջադեմ հասարակություն», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մշտապես աջակցում է ուսուցիչներին՝ ցուցաբերելով մեթոդական աջակցություն և կազմակերպելով սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ։

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև ռուսաց լեզվի անվճար դասընթացների շրջանավարտներին հավաստագրերի հանձնման արարողությունը: Կենտրոնի նախասրահում բացվեց նաև «Մոսկվան պարզապես քաղաք չէ» լուսանկարչական ցուցահանդեսը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան