Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 18:00 16-06-2023

Քանի դեռ ռուսները հանդուրժում են Բաքվի սադրանքները, վերջինիս ախորժակը միայն մեծանալու է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, սակայն հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր: Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել Հայաստանի տարածքում դրոշ տեղադրել։

Հատկանշական է, որ տելեգրամյան ալիքներով տարածվող կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես են ռուս խաղաղապահները ուղեկցում ադրբեջանական սահմանապահ զորքերի զինծառայողներին։ Միևնույն ժամանակ տարբեր լրատվամիջոցների կողմից տեղեկություն է տարածվում, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարն է փորձել այնպես անել, որ Հակարի կամրջի վրա ադրբեջանական դրոշ տեղադրվի։ Նաև հենց այս հանգամանքով է պայմանավորած, որ Հայաստանում գործող ռուսամետ գործիչները կարելի ասել չեն անդրադառնում միջադեպին և խուսափում են որևէ կարծիք հնչեցնել սրա վերաբերյալ։

Փաստացի այս զարգացումների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ հայկական կողմը ստիպված է եղել կրակել նաև ռուս զինվորակնների ուղղությամբ, մի բան որը կարելի է աննախադեպ համարել։ Այս տեղեկությունը ակտիվորեն տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք նաև պնդում են, որ Հակարի գետի վրա կառուցված կամուրջն անդրսահմանային չէ, քանի որ այդ հատվածում գետի ողջ հունը և նրա աջ ափի մի մասը հանդիսանում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքը։ Բացի այդ ադրբեջանական կողմը հիշեցնում է, որ կամուրջն ամբողջովին կառուցվել է Ադրբեջանի կողմից, քանի որ Հայաստանը դեմ էր Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությանը։

Միևնույն ժամանակ այս զարգացումները հիշեցնում են տխրահռչակ Օղակ գործողության օրերը, երբ Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական հարձակում։ Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

Նկատենք, որ Օղակ գործողության ժամանակ ինքնապաշտպանություն կազմակերպելու տեսանկյունից բազմաթիվ հայերի շրջանում հոգեբանական լուրջ խնդիր է առաջացել, քանի որ շատերը չեն կարողացել կրակել ռուս զինվորականների ուղղությամբ։ Այս հոգեբանական արգելքը շատերն առհասարակ չեն հաղթահարել, ինչը դարձել է այդ ողբերգական իրադարձությունների պատճառներից մեկը։

Այս համատեքստում կարող ենք արձանագրել, որ քանի դեռ ռուս խաղաղապահները շարունակում են հանդուրժել Ադրբեջանի սադրանքները, այնքան այդ երկրի ախորժակը մեծացնելու և վերջինս չի դադարեցնելու իր նման գործելակերպը, իսկ դրանից տուժելու են նաև հենց խաղաղապահները և նրանց հեղինակությունը։ Ադրբեջանական կողմը փորձում է հասնել իր բոլոր պահանջների անվերապահ կատարմանը, և այս հարցում նա որևէ բանի առաջ կանգ չի առնելու, իսկ միակ հանգամանքը, որի հետ Բաքուն կարող է հաշվի նստել դա ուժային գործոնն է։ Բաքուն դեռևս 2020 թվականի դեկտեմբերից է պարբերաբար խախտել նույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով նախևառաջ հարվածել է հենց Ռուսաստանի հեղինակությանը, սակայն համարժեք պատասխան չստանալով շարունակել է նման կերպ գործել։






Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան