Խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 22:30 06-06-2023

Լարվածությունը կարող է ցանկացած պահի աճել. Ադրբեջանի ախորժակը բացվում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր կրկին ժամանել է Հայաստան։ Հատկանշական է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը տարածաշրջան տեղի է ունենում հայ-ադրբեջանական ակտիվ բանակցությունների ֆոնին, երբ կողմերը բանակցություններ են վարում մի քանի հարթակներում, և բանակցությունների փուլերը հաջորդում են մեկը մյուսին։

Միևնույն ժամանակ նշենք, որ Տոյվո Կլաարի նախորդ այցը Հայաստան տեղի էր ունեցել փետրվարի 24-ին, որից հետո հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակը կրկին լարվել էր, իսկ մայիսից կրկին կողմերի միջև ակտիվ բանակցություններ են մեկնարկել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշեց, որ Տոյվո Կլաարի այցը պայմավորված է վերջին շրջանում ընթացող ինտենսիվ բանակցություններով, որտեղ և՛ Եվրոպական Միությունը, և՛ Միացյալ Նահանգները փորձում են այնպես անել, որ ստորգրվելիք վերջնական փաստաթուղթը ստորագրվի հենց իրենց ստեղծած հարթակի միջոցով կամ շնորհիվ։ Նրա խոսքով՝ դա կվկայի այդ հարթակների կենսունակության և հեղինակության, ինչպես նաև տարածաշրջանում ապագա ազդեցության մասին։

Պողոսյանը կարծում է, որ Տոյվո Կլաարի այցելությունը տարածաշրջան նաև այն իմաստով է կարևոր, որ Քիշնևում կայացած վերջին հանդիպումով ԵՄ-ն, ըստ էության, փորձում է նաև ԱՄՆ-ում կայացած հանդիպումներից հետո փոխլրացնող գործողությունների միջոցով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ոլորտը պահել արևմտյան հարթակի տիրապետության, կամ ազդեցության ներքո և հնարավորություն չտալ, որ մյուս մրցակցող հարթակը՝ Ռուսաստանի Դաշնությունը, հնարավորություն ունենա բանակցությունների ավելի հաջող ընթացքը կազմակերպի հենց իր հովանավորության ներքո։

Հարցին, թե կարո՞ղ ենք Տոյվո Կլաարի այցից հետո սահմանային իրավիճակի լարման ականատես լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս նախորդ այցից հետո Ադրբեջանը կրկին լարեց իրավիճակը, քաղաքագետը պատասխանեց, որ լարվածությունը ցանկացած պահի կարող է աճել, և դա կախված է հատակապես Ադրբեջանի անընդհատ մեծացող ախորժակի հետ։ Նա հիշեցրեց, որ Քիշնևում կայացած հանդիպումից հետո մենք ականատես եղանք, որ Ադրբեջանն այս անգամ ևս նոր պահանջներ է առաջ քաշում։ Պողոսյանը նկատում է, որ եթե նախկինում հատկապես քարտեզների վերաբերյալ հայկական կողմից հնչող ակնարկները, 1975 թվականի քարտեզների մասին առաջարկին առնվազն Ադրբեջանի կողմից արձագանք չկար, սակայն հիմա Բաքուն հայտարարում է, որ որևէ քարտեզի վերաբերյալ պայմանավորվածություն չկա և ավելին՝ չկա այնպիսի քարտեզ, որով իրենք պատրաստ են կատարել սահմանազատում և սահմանագծում՝ դա պայմանավորելով այն հանգամանքով, որ գործընթացը բացառապես կայանալու է իրավական փաստաթղթերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում։

«Սա նշանակում է, որ իրենք պատրաստվում են իրականություն դարձնել Ադրբեջանի նախագահի կողմից նախկինում հնչեցված հայտարարությունը, որ իրենք են թելադրելու և որոշելու, թե որտեղով է անցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը։ Ահա այսպիսի նոր պահանջների առաջադրման պայմաններում հնարավոր են նոր զարգացումներ՝ այդ թվում նաև ռազմական բախումներ, հատկապես եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանությա նախարարությունը ինտենսիվորեն տարածում է տեղեկատվություն, որ Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի կողմից իբրև թե տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտումներ»,- կարծում է նա։

Քաղաքագետը միևնույն ժամանակ ընդգծեց, որ այս ամենը չի շտապի պայմանավորել բացառապես Տոյվո Կլաարի ազդեցությամբ՝ նշելով, որ սա և նախկինում տեղի ունեցածը ունեն այլ ենթատեքստ։ «Համենայն դեպս ինձ իրավունք չեմ վերապահի պայմանավորել բացառապես Տոյվո Կլաարի՝ տարածաշրջան կատարած այցելության հետ։ Դրանք գուցե համընկնող են, կամ գուցե հենց Տոյվո Կլաարի բերած առաջարկներն են, որ ստիպում են Ադրբեջանին ապագա բանակցային հարթակում իր համար էլ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու և բարենպաստ պայմաններ ստեղծելու համար գնալ որոշակի նախաձեռնողականության։ Սա հնարավոր է, սա իրատեսական է, և դատելով Ադրբեջանի գործելաոճից՝ ամենայն հավանականությամբ յուրաքանչյուր բանակցային ռաունդից առաջ այդ երկիրը կօգտագործի, որովհետև մինչև այժմ գոնե օգտագործել է և կիրառել է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան