Խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:00 05-06-2023

Եթե ՀՀ-ն ունի իր սահմանները հսկելու ներուժ, ինչո՞ւ է 25 օրով մարդկանց տանում առաջնագիծ

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ապաշրջափակվող սահմանների ողջ վերահսկողությունն իրականացնելու է հայկական կողմը։

Նրա խոսքով՝ այդ պարագայում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից։ «Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկներները»,- ասել էր Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը նաև մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր հնչեցրել առ այն, որ Հայաստանը գտել է ռուսական զենքի այլընտրանքը և այլևս կախված չէ դրանից։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանի իշխանությունների խոսքերը երբեք չեն նշանակում այն, ինչ իրենք հայտարարում են, ավելին՝ բազմիցս փոփոխում են սեփական հայտարարությունները։ Մեր հարցին, թե արդյոք Հայաստանն ունի՞ այդքան ներուժ, որ սեփական ուժերով իրականացնի ամբողջ վերահսկողությունը, ռազմական փորձագետը հարցադրմամբ պատասխանեց՝ եթե Հայաստանն ամբողջ սահմանի երկայնքով ունենար իր սահմանների պահելու ներուժ, ապա ինչո՞ւ է մարդկանց 25-օրյա հավաքների միջոցով տանում առաջնագիծ պահելու։

Անդրադառնալով Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը գտել է ռուսական զենքի այլընտրանքը ու այլևս կախված չի ռուսական զենքից՝ Վրթանեսյանը նկատեց, որ այսօր ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում ամբողջ աշխարհում առկա է զենքի դիֆիցիտ՝ նշելով, որ նմանատիպ հայտարարությունների համար որևէ հիմք չի տեսնում։

Նա ընդգծում է, որ այս պահին հակամարտության երկու կողմերն էլ այս պահին ամբողջ աշխարհում զենք են փնտրում, 70-ական թվականների կոնսերվացված զենք են գտնում և ինչ-որ տարբերակներով տեղափոխում հակամարտության գոտի, հետևաբար զենք ապահովելու վերաբերյալ պնդումները որևէ հիմք չունեն։ «Խոսքս մեկ-երկու միավոր զինատեսակ գնելու մասին չէ, այլ՝ լիարժեք ապահովման»,- կարծում է նա։

Ինչ վերաբերվում է ԱԽ քարտուղարի կողմից հիշատակված այլընտրանքներին, ապա Վրթանեսյանը նշեց, որ դրանք կարող են լինել, օրինակ՝ Հնդկաստանից իրենց կողմից հայտարարված գնումները, որոնք հայտնի չեն՝ կլինե՞ն, թե՞ չեն լինի, ե՞րբ կլինեն, կլինի՞ այն, ինչ պատկերացնում էին, թե՞ չի լինի և այլն։

Փորձագետը նկատում է՝ այնքան դժվար է մեկնաբանել այս իշխանությունների հայտարարությունները, որովհետև իրենք երբեք իրենց խոսքի տերը չեն։ «Իրենք մի բան ասում են, իսկ երկու օրից հակառակն են հայտարարում։ Հիշենք, որ նույն Արմեն Գրիգորյանը սկզբում ասում էր, որ Աղավնոյի վերաբերյալ որևէ խնդիր չկա, իսկ մեկ ամսից հանձնեցին Աղավնո գյուղը»,- ընդգծեց նա։

Հարցին, թե անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից նման հայտարարությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ազդեցությունը միանշանակ բացասական կլինի, սակայն դա որևէ մեկի, այդ թվում Ռուսաստանի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բախում հրահրել։

Նա հավելեց նաև, որ Հայաստանի իշխանությունները բավականին երկար ժամանակ է, ինչ այդ գիծն են շարունակում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»