Հայաստանում պետական կառավարման մարմինների, իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի մասին պատրանքները փշրվում են վերջին իրադարձությունների ֆոնին։ Իրադարձություններ, դեպքեր, միջադեպեր, հայտարարություններ, որոնք մեկը մյուսի հետեւից գալիս են՝ ապացուցելու՝ սա պետություն չէ, դասականի խոսքերով՝ սա խենթանոց էլ չկա։
Սկսենք սկզբից․ նախ՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջ ազգը զբաղված էր «պլյոնկա» պոկելով, քանի որ իշխանությունը որոշել է՝ հանուն մեր անվտանգության ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի 70 տոկոս։ Եկավ օրենքը կիրառելու օրը, պարզվեց՝ դեռ չեն կիրառում, խնայում են մարդկանց, որոշել են ոտները կախ գցեն, իհարկե, սա չի նշանակում, որ X-ին չեն կարող տուգանել դրա համար, իսկ Y-ին անտեսել։ Օրենքը կա՛մ կիրառում են, կա՛մ չեն կիրառում եւ այդ մասին հայտարարում են պարզ, հստակ, ժամկետներով, հիմնավորումներով, «կիսահղի» վիճակներով իրավական դաշտը կանոնակարգել գոյություն չունի։
Այս անհասկանալի իրավիճակից փորձում է օգտվել ԱԺ նախագահը՝ իրեն հատուկ տափակ PR անելով, թե բա՝ «հրահանգել եմ կատարել ոստիկանության պահանջը»։ Այստեղ են ասել՝ իյա, իրո՞ք, փաստորեն, որ դուք չհրահանգեիք, ոստիկանության պահանջը չէր կատարվելու։ Իսկ կարող եք հրահանգել՝ արեւը դուրս գա արեւելքից, մայր մտնի՝ արեւմուտքում։
«Պլյոնկաներից» աչք չբացած՝ մեկ այլ միջադեպ է գրանցվում․ քրեականի պետը ծեծում է 16-ամյա երեխային, քննչականը քրեական հետապնդում չի հարուցում, քանի որ վերջինս զղջացել է տեղի ունեցածի համար։ Աղմուկ-աղաղակից հետո Աննա Վարդապետյանը որոշում է օգտվել իրավիճակից, հատկապես որ թեման զգայուն է, տուժողը՝ երեխա, օրն էլ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, վերացնում է քրեական հետապնդում չհարուցելու որոշումը, ձերբակալվում է քրեականի պետը։ Այսինքն՝ չլիներ աղմուկ, երեխա ծեծող պաշտոնյան կշարունակեր աշխատել եւ ապրել։
Ու պատկերացրեք՝ քանի-քանի նման դեպքեր կան, երբ աղմուկ չի լինում, իսկ պետական մարմինները չեն աշխատում, իրենց գործառույթները չեն կատարում։
Մյուս դեպքը՝ վերջին շրջանում մենք կամաց-կամաց համոզվում ենք, որ ամբողջ հասարակությունը թմրամիջոց է օգտագործում, մեկը մյուսի հետեւից հաղորդագրություններ են տարածվում, եւ ահա պարզվում է, որ դրանցից զերծ չեն նաեւ իրավապահները․ Արաբկիրի քննիչները թմրանյութ էին իրացրել, ձերբակալվել, ազատվել աշխատանքից։ Գուցե թմրանյութերի աղմուկից դուրս մի իրավիճակում այս ամենը աննկատ անցներ։ Այսինքն՝ մարդիկ, որ պետք է պայքարեն թմրանյութի իրացման դեմ, պետք է պայքարեն երեխաների, անչափահասների եւ չափահասների դեմ բռնության դեպքերի դեմ, իրենք են դառնում հանցագործության սուբյեկտ՝ կատարելով նման արարքներ։ Նիկոլ Փաշինյանը կարող է հպարտանալ՝ իրավապահ համակարգը, իսկապես, բարեփոխվել է, ոստիկանն էլ արդեն մերն է։
Ու այս ֆոնին ոչ պակաս զվարճալի է «Նավակ Ճոճող» անունով ՔՊ-ական պատգամավորի հոխորտալից գրառումը եւ գողական նախազգուշացումը իրավապահ մարմիններին․ «Համակարգերի այսպես կոչված «փորձառու և բանիմաց» մասնագետներ և դեռ հարգելի՛ գործընկերներ, կա՛մ ձգվեք, կա՛մ այլևս խոսակցությունները լինելու են շատ ուղիղ, փաստարկված և պարտադիր հրապարակային, և վստահեցնում եմ, որ ոչ մեկիդ հաճելի չի լինելու: Եթե դուք տենց ձևը ջոկել եք, որ վերադասին ձեր ուզած ճշմարտությունը ձեր տարատեսակ գույնզգույն տեղեկանքներով կարող եք ներկայացնեք, դա դեռ չի նշանակում, որ տենց անցավ ու մարսվեց, և մենք չենք տիրապետում իրական ճշմարտությանը, որը կհասցնենք ձեր վերադասներին: Եթե դուք տենց մտածում եք, թե գործ ունեք ուղղակի ինչ-որ «կնոպկա սեղմողների» հետ, ապա չարաչար սխալվում եք, որովհետև անձամբ ես ուղղակի շատ համբերատար եմ, բայց դա ունի ավարտ»,-գրել է նա:
Ընդունենք՝ ՔՊ-ական իշխանության հանձնաժողովի անդամին վայել տեքստ, հատկապես, երբ հիշում ենք, որ վերջինիս մուրազն էր ոստիկանապետ լինել եւ այս տողերի արանքում հորդում է չիրականցված երազանքը։