Ներքին 3 տարի առաջ - 13:53 16-05-2023

Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի պատվիրակությանը՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի (Թամոյանի) և եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի գլխավորությամբ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը դարերի պատմություն ունեն. «Մենք մեկ պետություն և հայրենիք ունենք: ՀՀ կառավարությունն իր քաղաքականության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին: Կարևորում եմ, որ միասնական ենք. ընդհանուր ենք ընկալում մեր բոլոր խնդիրները, ցավերն ու ուրախությունները: Պատրաստ ենք գնալ բոլոր խնդիրների լուծման ճանապարհով»:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ եզդիաբնակ ամենամեծ համայնքում՝ Ալագյազում, կառուցվում է մանկապարտեզ, որը սպասարկելու է նաև շրջակա բնակավայրերի երեխաներին: Նույն համայնքում նախատեսվում է կառուցել նաև Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա գնահատանքի և երախտիքի յուրատեսակ միջոց է, որով ևս մեկ անգամ արժևորվելու է այս մարզիկների կատարած հսկայածավալ աշխատանքը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ բուհերի ընդունելության կարգում կատարվել է լրացում, ինչը պայմանավորված է բարձրագույն կրթության ոլորտում ազգային փոքրամասնությունների ներառականության միտումով: Այն հնարավորություն կտա իրականացնել տվյալ ուստարվա համար հատկացված մինչև 7 անվճար տեղերի վերաբաշխում՝ նախապատվությունը տալով համապատասխան մասնագիտությունների վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքած և քննություններից առավել բարձր միավոր ունեցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը կարևորել են ՀՀ կառավարության մշտական ուշադրությունն ազգային փոքրամասնությունների ամենամեծ համայնքի նկատմամբ:
«Բազմիցս այցելել եք եզդիաբնակ համայնքներ և Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում մեր համայնքի խնդիրները, ինչի համար շնորհակալ ենք: Հայաստանն առաջին երկիրն է, որը եզդիներին որպես ազգություն է ճանաչել: Եվս մեկ կարևոր ձեռքբերում է այն, որ Հայաստանը մեր երեխաներին ընձեռել է եզդիերենի ուսուցման հնարավորություն: Ամբողջ աշխարհում սա եզակի ու բացառիկ դեպք է: Այս օրինակը բազմիցս բերում ենք միջազգային հարթակներում և գնում ենք դեպի միջազգային ճանաչման»,- ասել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

Հյուրերը բարձրացրել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված եզդիերենի ուսուցիչների աշխատավարձերի, մասնագիտական վերապատրաստման և եզդի երեխաների կրթամշակութային զարգացման խթանման հետ:

Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ ԿԳՄՍ նախարարը համայնքի ներկայացուցիչներին հորդորել է խթանել ուսուցիչներին՝ մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին և աշխատավարձի բարձրացման հնարավորություն ունենալ: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ նախարարությունը, համագործակցելով Եզդիների ազգային միության հետ, պատրաստ է նաև վերապատրաստումներ կազմակերպել ուսուցիչների համար:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գործընթացն առավել լավ կազմակերպելու, ինչպես նաև եզդի երեխաների կրթության շարունակականությունը խթանելու նպատակով նախատեսվում է հիմնել Եզդիերենի ուսուցման ամբիոն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից