Երևան +14°
copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 23:40 15-05-2023

14 տարվա մասնակցության ընթացքում Հայաստանը 7 անգամ հայտնվել է Եվրատեսիլի լավագույն տասնյակում

Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։

2006 թվականին Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն «Without Your Love» երգով և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց, որ Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում և այդ տարի Հայաստանը ներկայացրեց Հայկոն «Anytime You Need» երգով և կրկնեց նախորդ տարվա արդյունքը, զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

2008-ին Հայաստանը ներկայացրեց Սիրուշոն՝ «Քելե Քելե» երգով։ Քվեարկության նոր համակարգով նա հավաքել է 272 միավոր, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ միավորն է։

2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը։

2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

2011թ․ մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով դուրս մնաց եզրափակչից։

2012-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։

Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում․ Հայաստանը ներկայացնող Դորիանսը՝ «Lonely Planet» երգով, զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

2014-ին Հայաստանը ներկայացրեց Արամ Mp3-ի «Not Alone» երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն։

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրեց Genealogy երաժշտական սուպերխումբը՝ «Face the Shadow» երգով և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով։

2016 թվականին Հայաստանը ներկացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը «LoveWave» երգով։

2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Արծվիկը «Fly With Me» երգով և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով, սակայն դուրս է մնացել եզրափակիչ փուլից։ 2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Սրբուկը «Walking Out» երգով և կրկին չի անցել եզրափակիչ փուլ։

2020 թվականին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19-ի համավարակի պատճառով։ Եվրատեսիլ 2021 -ին Հայաստանը հրաժարվել է մասնակցել ։

2022 թվականին մրցույթին երկիրը ներկայացրեց հեղինակ կատարող, երաժշտական պրոդյուսեր Ռոզա Լինը, նա կատարեց անգլերեն "Snap" երգը և եզրափակչում գրավեց 20-րդ տեղը։

2023 թվականին մրցույթին երկիրը ներկայացրեց Բրյունետը՝ «Future Lover» երգով և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

Ընդհանուր 14 տարվա մասնակցության ընթացքում՝ Հայաստանը 7 անգամ է հայտնվել լավագույն տասնյակում, իսկ գրանցած լավագույն հորիզոնականը եղել է 4-րդը, որը զբաղեցրել են Սիրուշոն՝ 2008-ին, և Արամ Mp3-ը՝ 2014-ին։