Սոթքում կատարվածը ձյունածածկ լեռները չպաշտպանելու քաղաքականության հետևանքն է
copy image url

Սոթքում կատարվածը ձյունածածկ լեռները չպաշտպանելու քաղաքականության հետևանքն է

Ներքին 1 տարի առաջ - 15:29 12-05-2023
Սոթքում, Կութում շրջապատող բոլոր բարձունքները 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո աստիճանաբար հանձնվել են Ադրբեջանին։ Ընդ որում՝ հանձնվել են մեծամասամբ առանց կրակոցի։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ ընդգծելով, որ սա ձյունածածկ լեռները չպաշտպանելու քաղաքականության հետևանքն է, այսինքն՝ թշնամին գյուղերը շրջապատող ամբողջ բարձունքներում ունի գերիշխող դիրք։

«Սա առաջին նման դեպքը չէ, այդ բնակավայրեր գնալիս ճանապարհի հարակից բոլոր շենքերի վրա կտեսնեք հետքեր, օրինակ՝ սեպտեմբերյան ագրեսիայի կամ թշնամու կողմից իրականացված այլ գործողությունների։

Այսինքն, սա կրում է պարբերական բնույթ, ինչ վերաբերում է երեկվա գործողություններին, ծանր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ ու ստացել պատասխան։ Սա նշանակում է, որ մարդիկ, բանակը ու զինվորը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված առաջադրանքը, իսկ մարդիկ իրենց տներում են։

Կրակի տակ Սոթքում գյուղացին իր կարտոֆիլի դաշտն է տնկում, այսինքն, մարդիկ իրենց տներում են, բանակի հետևում հայ մարդն է, ով չի ուզում լքել իր տունը, բայց այնտեղ ամենամեծ խնդիրն այն է, որ մարդկանց որևէ կարիք պետությունը չի հոգում, որևէ կերպ չի արձագանքում նրանց խնդիրներին»։

Նա տեղեկացրեց, որ համայնքում դպրոցը չի աշխատում․ «Անցել էին առցանց ուսուցման, մարդիկ մտածում էին տները լքելու մասին, թե որտեղ են մնալու իրենք, ինչ պայմաններ կան, ինչպես են պաշտպանելու իրենց տունը, եթե Աստված չանի, թշնամին հայտնվի այնտեղ։ Այսինքն, բազմաթիվ հարցեր կան մարդկանց մոտ և չկա մեկը, որ պատասխանի այդ հարցերին։ Բոլորը պետական ամենաբարձր մակարդակով որոշվող հարցեր են։ Այստեղ է, որ բացահայտվում է այս ամբողջ իրականության պատկերը։ Հայ մարդը թշնամու դեմ անպաշտպան է, հայ մարդը դիտավորյալ թողնված է անպաշտպան թշնամու դեմ։ Այս պատկերը մենք տեսել ենք, Սոթքում, Կութում, Տեղում, ընդհանրապես բոլոր տեղերում, որտեղ եղել ենք։ Մինչդեռ Երևանի մի քանի տասնյակ մարդիկ գերպաշտպանված են անվտանգության աշխատակիցներով, ոստիկանական շղթաներով»։

Ամենից շատ դիտված