Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը մայիսի 3-ին, անդրադառնալով 2019 թվականի սեպտեմբերին Եղեգնաձոր քաղաքում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին և դրան հաջորդած կալանավորումներին, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք դատախազությունն այսօր պայքարո՞ւմ է այնպիսի արատավոր հանցանքի դեմ, ինչպիսին սուտ մատնությունն է․
«Տարիներ առաջ բավականին հնչեղություն էր ստացել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի գործը, որով բացառապես 3 զինվորականի ցուցմունքի հիման վրա ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրեց անմեղ քաղաքացի Զավեն Գրիգորյանը։ Ի դեպ, այդ զինվորականները ստում էին նաև, թե իբր դեպքի վայրում տեսել են ինձ, ցավոք հանրության մի զգալի հատվածը հավատում էր այդ լկտի ստին, սակայն այն հերքվեց։ Զավեն Գրիգորյանը շուրջ 2 տարի ենթարկվեց քրեական հետապնդման, ապա արդարացվեց»։
ՔՊ-ական պատգամավորը Գլխավոր դատախազին հարցրեց, թե որն է պատճառը, որ սուտ մատնության համար զինվորականները պատասխանատվության չեն ենթարկվել։ Աննա Վարդապետյանն էլ պատասխանեց, որ նշված քրեական վարույթի հետ կապված տեղեկատվություն չունի։
Оragir.News-ն այսօր կապ հաստատեց դաժան ծեծի ենթարկված և շուրջ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբոր՝ Կարեն Մխիթարյանի հետ, նախ հետաքրքրվեցինք փոխգնդապետի առողջական վիճակով։
«Եղբորս վիճակը ծանր է, մոտ 1 շաբաթ առաջ Միքայելյան հիվանդանոցի «Զինվորի տնից» տեղափոխեցին զինվորական հոսպիտալ։ Էլի նույն ձևով՝ անգիտակից վիճակում է եղբայրս»,- ասաց Կարեն Մխիթարյանը։
Նրան հարցրինք, թե արդյոք հետևե՞լ է Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորի ելույթին, ինչպե՞ս է գնահատում այն․
«Եթե իրենք այդքան տղա են, կարող են այդքան բանն ապացուցել, որ իրենք ծեծի չեն ենթարկել եղբորս, խնդրեմ, մենք գործը նորից կբացենք, անգամ իր սուտ խոսելու համար, որ ինքն այդտեղ է եղել ու հրաժարվում է։ Ինքն էլ է մտնելու այդ գործի մեջ, եթե այդքան տղա է, թող այդ գործը նորից բացի։ Ասում է՝ տեսախցիկները արձանագրել են, որ ես այդտեղ չեմ եղել, բայց այդ տեսախցիկները բակում են, ոչ թե դեպքի վայրում։ Ինքը կարո՞ղ է ապացուցել, որ դեպքի վայրում չի եղել։ Միջադեպին ներկա մարդիկ իրեն տեսել են և ցուցմունքներում էլ նշել են ու մինչ օրս էլ պնդում են, որ հենց նրանք են ծեծի ենթարկել եղբորս։ Ամենասուտը ինքն է, ուրիշներին ստախոս հանելու տեղը թող ինքն իր սուտ խոսելու մասին մտածի, ինքը դեռ պատասխան պետք է տա»։
Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը կորցրել էր գիտակցությունը և հայտնվել բուժհաստատությունում: 3.5 տարի է՝ փոխգնդապետը գիտակցության չի գալիս: Քրեական գործով որպես մեղադրյալ էին ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Միջադեպին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան՝ միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Իսկ այսօր Տրդատ Սարգսյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է: