Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:19 03-05-2023

Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը Վայոց ձորում էր

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման քաղաքականության շրջանակներում մայիսի 2-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Հասմիկ Տոլմաջյանին։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:

«Այցը, որի նպատակն էր սկիզբ դնել Վայոց ձորի մարզի և Օ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև համագործակցության հաստատման գործընթացին, ձևավորված ավանդույթի համաձայն մեկնարկեց Նորավանք վանական համալիրում, որտեղ հյուրերին դիմավորեցին աղ ու հացով և ներկայացրին Վայոց ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոնի պատմությունը։ Իր խոսքում Քզավիե Բերտրանը նշեց, որ ճիշտ է՝ սա իր առաջին այցն է Հայաստան, բայց առաջին անգամը չէ, որ Օ-դը-Ֆրանս ռեգիոնը գործում է ի շահ Հայաստանի և նրա բնակչության՝ օգտագործելով իր ողջ կարողությունները։

Այցելության հաջորդ կանգառը Ջերմուկ համայնքն էր, որտեղ մարզպետ Արարատ Գրիգորյանի և համայնքապետ Վահագն Արսենյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին մարզում երկու ազգերի միջև միջտարածաշրջանային բարեկամության խորհրդանիշ հանդիսացող Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ երեխաների կատարումները լավագույնս հավաստեցին այդ ուղղությամբ արձանագրված հաջողությունները։ Կողմերը փոխադարձ վստահություն հայտնեցին, որ այս այցելությունը կդառնա կրթության և մշակույթի ոլորտներում երկու մարզերի միջև համագործակցության ամրապնդման և հետագա ընդլայնման կարևոր և հուսալի երաշխիք։
Հաջորդիվ հյուրերն այցելեցին Ջերմուկ քաղաքի` 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած հատվածներ։
Մարզպետը շնորհակալությություն հայտնեց Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանին ոչ միայն Արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի սահմաններին ու Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ հատուկ ուշադրության և հետաքրքրության համար, այլև Ջերմուկ այցելելու և Ադրբեջանի ագրեսիայի և շարունակական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին անձամբ ականատես լինելու ցանկության համար։

Նշենք, որ 2020թ. նոյեմբերին Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը՝ Քզավիե Բերտրանի անմիջական նախաձեռնությամբ, բանաձև է ընդունել, որը կրում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական լուծման և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման մասին» խորագիրը, որով Օ-դը-Ֆրանսի շրջանը, մասնավորապես, սատարում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պահանջող Ֆրանսիայի Սենատի բանաձևի նախագծին։

Քզավիե Բերտրանը պատերազմից ի վեր պարբերաբար հանդես է գալիս Հայաստանին և Արցախին սատարող ելույթներով և հայտարարություններով, ներառյալ՝ ներկայումս Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում։

Հայաստան այցին հաջորդիվ, ընթացիկ տարվա հունիսին, Քզավիե Բերտրանը նախատեսում է Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի կողմից Հայաստանին սատարող բանաձև ընդունել՝ ի շարունակություն 2020թ. նոյեմբերի բանաձևի, ինչպես նաև Օ-դը-Ֆրանս ռեգիոնում առաջին անգամ կազմակերպել Հայաստանին նվիրված մշակութային միջոցառում»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան