Շվեդիայի խորհրդարանում կայացել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների կողմից՝ ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Այս մասին հայտնեցին Շվեդիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բյորն Սյոդերը, բարեկամության խմբի անդամներ Արին Կարապետն ու Ֆրեդրիկ Մալմը։ Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես են եկել շվեդ լրագրող և 44-օրյա պատերազմին նվիրված «Ես դանդաղ մեռնում եմ ամեն օր» գրքի հեղինակ Ռասմուս Քանբեկը, ինչպես նաև պատմաբան ու ցեղասպանագետ Վահագն Ավեդյանը։
Միջոցառման սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակը։
Դեսպան Արզումանյանն իր խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը՝ հետայսու մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման նպատակով։ Դեսպանը բարձր է գնահատել ինչպես Շվեդիայից, այնպես էլ Սկանդինավյան մյուս երկրներից Հայոց ցեղասպանության ծանր օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած միսիոներների և անհատների անձնվեր ջանքերը։ Իր խոսքում ՀՀ դեսպանն ընդգծել է դեռևս 2010թ. Շվեդիայի խորհրդարանի կողմից հայերի, ասորիների, սիրիացիների, քաղդեցիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ շվեդական կառավարությունը ևս կմիանա այն երկրների շարքին, որոնք ճանաչել ու դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։
Դեսպան Արզումանյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև այս օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ կարևորելով շվեդական իշխանությունների կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանություն թույլ չտալու նպատակով։
Միջոցառմանը, որին մասնակցում էին Շեդիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական երաժշտական կատարումներով հանդես է եկել «Հայկանի» երաժշտական համույթը։