Արտաքին 3 տարի առաջ - 18:00 19-04-2023

Ստամբուլում ընդդիմադիր կուսակցության գրասենյակը հարձակման է ենթարկվել

Ստամբուլի Աթաշեհիր շրջանում հարձակում է տեղի ունեցել հիմնական ընդդիմադիր քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախընտրական գրասենյակի վրա, որի ընթացքում երեք կրակոց է հնչել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը։

Հանրապետական-ժողովրդական» կուսակցության Ստամբուլի նահանգային կազմակերպության ղեկվար Ջանան Քաֆթանջօղլուն կատարվածի համար մեղադրել է իշխանություններին՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել իշխանության ստեղծած քաղաքական մթնոլորտի հետևանքով։ «Այս պայմանները ստեղծողների քաղաքական մտածելակերպն ու վախերը պատասխանատու են, որ նման հանգամանքներ են ստեղծվել և վերջիններս խիզախություն են ցուցաբերել»,- ասել է նա։

Դեպքի կապակցությամբ Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ ներկայումս որոնվում է 8 կասկածյալ։ Նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ ընդդիմադիր կուսակցության պաստառները կտրելու և պատուհանների վրա գրելու գործին մասնակցել է վեց մարդ։ Նահանգապետարանից հաստատել են նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երեք դատարկ պարկուճ։

Ջանան Քաֆթանջօղլուն տարածել է նաև Քեմալ Քըլըչդարօղլուի պաստառները, որոնց վրա հարձակման հեղինակները գրել են իշխող կուսակցության և գործող նախագահ Էրդողանի անվան հապավումները։

Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ իրենք ոչնչից չեն վախենում, սակայն իշխանությունը պետք է վախենա, քանի որ վախենալու շատ բաներ ունի։ Նա պնդել է, որ Թուրքիայի բնակչությունն արդեն իր սրտում փորագրել է ընդդիմության միասնական նախագահի թեկնածու, ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի անունը։

Նշենք, որ ապրիլի 6-ին հարձակման էր ենթարկվել նաև ՀԺԿ-ի Ստամբուլի նահանգային շտաբը։ Շենքի դիմաց գտնվող մայրուղու վրա դեպի օդ կրակոցներ էին հնչել, իսկ ավելի ուշ պարզվել էր որ 6-7 կրակոց է արձակվել շարժվող մեքենայից։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են