Ներքին 3 տարի առաջ - 20:09 14-04-2023

Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանիկ Զաքարյանը

Կյանքից հեռացել է անվանի մաթեմատիկոս և շախմատիստ, գիտության, կրթության և սպորտի հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը: Տեղեկացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից։

Վանիկ Զաքարյանը ծնվել է 1936թ. մարտի 21-ին Մեղրի քաղաքում և նույն տարում ընտանիքի հետ տեղափոխվել Երևան: Ոսկե մեդալով ավարտել է թիվ 40 միջնակարգ դպրոցը: 1959թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը մաթեմատիկա մասնագիտությամբ: Սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի ղեկավարությամբ, ստացել հիմնարար արդյունքներ մերոմորֆ ֆունկցիաների եզրային հատկությունների վերաբերյալ: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1963թ. ԽՍՀՄ ԳԱ Վլադիմիր Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում: Կոմպլեքս անալիզում մերոմորֆ ֆունկցիաների տեսության բնագավառում ճանաչում գտած իր մաթեմատիկական արդյունքների հիման վրա Վանիկ Զաքարյանը 1976թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1979թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում: Նրա գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են «Классы и граничные свойства мероморфных в единичном круге функций», М., Наука,1993, մենագրությունում և ավելի քան 150 գիտական և գիտամեթոդական աշխատանքներում:

1990թ. Վանիկ Զաքարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996թ.՝ ակադեմիկոս:

1962-1977թթ. Վանիկ Զաքարյանն աշխատել է ԵՊՀ-ում, ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:

1975թ-ից Վանիկ Զաքարյանն աշխատում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, սկզբում որպես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի, այնուհետև մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչ, ֆակուլտետի դեկան, պատվավոր պրոֆեսոր: Ամենուրեք կարողացել է ստեղծել համերաշխ և ստեղծագործ աշխատանքային կոլեկտիվներ:

Գիտական և դասախոսական գործունեությանը զուգահեռ մեծ եռանդ ու ջանք է ներդրել երիտասարդ, որակյալ մասնագետների պատրաստման գործում հատկապես «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության գծով: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական ատենախոսություններ: Երկար տարիներ նախագահել է մաթեմատիկայի գծով գիտական կոչումներ շնորհող ԵՊՀ 050 Մասնագիտական խորհուրդը, այնուհետև՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 053 Մասնագիտական խորհուրդը:

Ակադեմիկոս Զաքարյանը երկար տարիներ ղեկավարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտամեթոդական խորհուրդը: Նրա լայն գիտական էրուդիցիան հնարավորություն է տվել բարձր մակարդակով ղեկավարել երկու գիտական պարբերականներ՝ «ՀՀ ԳԱԱ Զեկույցներ» և իր կողմից հիմնադրված «Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում»:

Վանիկ Զաքարյանը նաև ԽՍՀՄ սպորտի վարպետ էր շախմատի գծով, Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն: 1990թ-ից Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի փոխնախագահն էր, 1994թ-ից՝ նախագահը, 2004թ-ից՝ պատվավոր նախագահը: 1996 թ. նա ընտրվել է ՖԻԴԵ–ի փոխնախագահ և բազմիցս վերընտրվել է այդ պաշտոնում:

Վանիկ Զաքարյանի գործունեությունն արժանացել է բարձր գնահատականի կառավարության կողմից: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի», «Մովսես Խորենացի» մեդալներով, արժանացել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանը:

«ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը, Մաթեմատիկայի ինստիտուտը խորապես սգում են նշանավոր գիտնականի կորուստը և ցավակցում նրա հայեցի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին:

Բարի հիշատակ վաստակաշատ գիտնականին ու հայրենանվեր քաղաքացուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը