Առեղծվածային հոգեդարձություն ԿԳՄՍ-ում. մահացած պատմաբանը դասագրքերում ավելացրել է 2018-ի մասին
copy image url

Առեղծվածային հոգեդարձություն ԿԳՄՍ-ում. մահացած պատմաբանը դասագրքերում ավելացրել է 2018-ի մասին

Ներքին 2 տարի առաջ - 19:33 14-04-2023
Ցեղասպանության ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ գրել էր, որ դպրոցական դասագրքերի միջոցով հայ պատմաբանները մեր երեխաներին սովորեցնում են նաև «թավշյա հեղափոխության» պատմական նշանակության մասին․ պատմակեղծարարությունը էլ ո՞նց է լինում։ Այնուհետև անդրադառնալով գրքի հեղինակներից մեկին՝ ասել է, ինչպես կարող է 2017 թ․ մարտին մահացած պատմաբան-ակադեմիկոսը 2018 թ․ «թավշյա հեղափոխության» մասին գլուխ ունեցող դասագիրք խմբագրել։ Դասագիրքը տպագրվել է քսան հազար օրինակով, ինչը մոտավորապես արժե չորս հարյուր հազար դոլար։

Հասկանալու համար, թե որ դպրոցական դասագրքի մասին է խոսքը, կապվեցինք Դեմոյանի հետ, ով, մեզ հետ զրույցում մանրամասնելով, ասաց. «Գրքի երկու հրատարակություն է եղել 2019 թվականին, 9 -րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին է խոսքը, որոնք երկու տարբեր հրատարակություններ են, երկու տարբեր պատմաբանների խմբագրակազմ, երկու դասագրքերում էլ կա թավշյա հեղափոխության մասին, որտեղ գրված է բառացի. «Անկախության սերունդն այլևս չէր ցանկանում, որ կառավարեն իրեն այսպես շարունակ, և ոտքի կանգնեցին՝ կոռուպցիայի և այլնի դեմ պայքարելու համար»։ Եվ սա դրված է Հանրապետության հրապարակի լուսանկարով։ Առաջին խմբագրակազմը երեք չորս հոգի են, առաջին խմբագիրը Վլադիմիր Բարխուդարյանն է, որը մահացել է 2017 թվականին, բայց նրա անունն օգտագործել են՝ վերահրապարակելով արդեն «թավշուկների» ժամանակ։ Վերահրապարակելիս նրա անունը թողել են, առանց ընդունված կարգի՝ գոնե անունը դասագրքում շրջանակի մեջ առնելու։ Բոլորը այդպես հասկանում են, որ հրապարակման ժամանակ հեղինակն արդեն մահացած է եղել, ինչը գոնե տարրական էթիկայի հարց է»։

Դեմոյանի խոսքով՝ միջազգային պայմանագրով դա հեղինակային իրավունքների կոպտագույն խախտում է. «Եթե այդ մարդը մահացել է մեկ տարի առաջ, ապա ո՞նց կարող ես դու իր անունը թողնել առանց հավելյալ մի բանի ու վերագրես այնպես, ասես ինքն է արել, բայց այդ մարդն անգամ կարծիք չի կարող հայտնել, քանի որ մահացել է։ Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ 2019 թվականին այդպիսի վերնագրով և այդպիսի նյութ, վստահաբար կարող ենք ասել, պարտադրվել է իշխանական կոնյուկտուրայի ներկայացուցիչների կողմից, որովհետև այդ պահին նախարարը Արայիկ Հարությունյանն էր և տեղակալը Հովհաննես Հովհաննիսյանն էր, ԵՊՀ ներկայիս ռեկտորը։ Երկուսն էլ այդ պահին պատմական գիտությունների թեկնածու էին, այսինք՝ կեղծարարությունն այնպիսի բազմամակարդակ է, որ նախարար և փոխնախարար լինելով՝ հաշիվ չեն տվել, թե ինչպիսի այլանդակության են դիմում, այսինքն՝ մահացած մարդու անունով գրում են դասագիրք, որ թավշյա հեղափոխության իրենց խայտառակ մանիպուլատիվ գործողությունը վերագրեն նաև այն մարդուն, ով ակադեմիկոս է»։

Դեմոյանի պնդմամբ՝ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բազմակի այլանդակություն. «Իրենք են գումարը հատկացրել, որը պետությանը հասցված խոշորագույն վնաս է, ու երկու դասագրքերն էլ, ըստ էության, ես ծայրից ծայր նայել եմ։ Միայն տասնյոթ էջ սխալների ցանկն է, միայն այդքան էջ ես խմբագրել եմ, որովհետև փաստական սխալ, լուսանկարի սխալ, պատմական ու փաստագրական սխալներ կան։ Սա նախճիր է․ նախ՝ երեխաների իրավունքների կոպտագույն խախտում է, մոռանանք քաղաքական ու միջանձնային բաները։ Առաջինը, երբ դու մահացած մարդու անուն ես օգտագործում, ապա դա միջազգային իրավունքով կոպտագույն խախտում է, երբ գրում ես իր անունից բաներ, որոնք ինքը չի գրել, կարծում եմ, որ այս դեպքում հեղինակի ընտանիքը պետք է խոսի։ Երկրորդը՝ երեխաների իրավունքի կոպտագույն խախատում է, այսինքն՝ երեխաներին պարտադրում են, որ պատմակեղծարարության միջոցով սերտեն դասագիրքը, որովհետև այդ պահին խայտառակ փողոցային ճանապարհով, խաբեությամբ եկել են իշխանության ու դասագրքի միջոցով ուզում են սրբագրել իրենց խայտառակ հակապետական գործողությունը, իսկ երեխային չի՛ թուլատրվում ինքնուրույն լինել իր գաղափարներում և ընտրության մեջ։ Այսինքն՝ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, հավատալո՞ւ է, թե՞ ոչ։ Իրեն պարտադրում են՝ այսպես է ու վերջ, ու դա պարտադրում են մահացած մարդու անվան տակ։ Ի դեպ, ամեն մի գիրքը երկու մաս ունի, այսինքն՝ չորս գրքեր են՝ երկու հրատարակություն, երկու տարբեր խմբագրակազմ։ Առաջին խմբագրության դեպքում խմբագիրը Վլադիմիր Բարխուդարյանն է, իսկ երկրորդը՝ պատմաբան Աշոտ Մելքոնյանն է, ով քսանմեկ տարի տնօրինում է պատմության ինստիտուտը ու ոչ մի լուրջ գիրք չգրեց տարիներ շարունակ, ինչպես նաև իրենց ձեռքում են ընդունելության քննությունները, ու որոշում են, թե ում թողնեն ատենախոսության, ում չթողնեն։ Սա համակարգային կոռուպցիա է, բավական է՝ այս ամենի թելը քաշվի, և ամեն բան պարզ կդառնա»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի