Ամեն ուրբաթ լողանում են, սկզբում մայկա-տռուսիկ էինք ուղարկում հետը, հիմա՝ չէ. զինվորի հարազատ
copy image url

Ամեն ուրբաթ լողանում են, սկզբում մայկա-տռուսիկ էինք ուղարկում հետը, հիմա՝ չէ. զինվորի հարազատ

Ներքին 2 տարի առաջ - 23:02 13-04-2023
Բանակի, զինվորի ծառայության մասին թեման շարունակում է մնալ բազմաթիվ կարծրատիպերով լի թեմաներից մեկը։ Տարիներ շարունակ պտտվել է այն գաղափարը, թե զինվորը խաշած կաղամբ, ձու է ուտում, «տռուսիկ-մայկա» չունի։ Զինվորներից շատերի ծնողները, որոնք իրենց զավակներին ուղարկել էին բանակ, նշում էին, որ զինծառայողները զրկված են տարրական կենցաղային պայմաններից․ իրենք են աշխատածն ուղարկում սահման։ Ասում էին՝ ուղարկում են ամեն ինչ՝ հիգիենայի պարագաներ, հագուստ, սնունդ, ծածկոցներ, բատինկաներ, տաք շորեր, քաղցրեղեն․ ամեն ինչ։ Ընդ որում, ասում էին, որ զինվորներն են պահանջում, ոչ թե իրենք իրենց են ուղարկում։

Հետաքրքիրն այն է, որ հեղափոխության հենց առաջին տարում Փաշինյանը, երբ դեռ 2018 թվականի մայիսին ամեն օր ուղիղ եթերներ էր մտնում իր ֆեյսբուքյան էջով ու բառ առ բառ ասում՝ ինչ է արել, որտեղ է քնել, որտեղ է հաց կերել, ում է հանդիպել, մայիսի 10-ին ուղիղ եթեր մտավ ու ասաց, որ կարող է պաշտոնապես հայտարարել․ «Ժամկետային զինծառայողների մեր հարգելի և սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ եք ծառայություն մատուցել հայրենիքին, երբ ձեր զավակներին ուղարկել եք հայոց բանակ՝ ծառայության, և հետևաբար պետությունը պարտավոր է զավակներին ապահովել ամեն ինչով՝ սկսած հիգիենիկ պարագաներից, վերջացրած հագուստով, ներքնաշորերով և սնունդով։ Ձեզ կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, կոշիկ զինվորական և այն ամենը, ինչ պետությունը պարտավոր է տալ զինվորներին։ Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ ապահոված չեն այդ պարագաներով՝ հագուստով, հիգիենիկ պարագաներով, ատամի մածուկով, խոզանակով, սափրվելու համար անհրաժեշտ պարագաներով, ահա այս պարագայում ես ձեզ խնդրում եմ դիմել կոնկրետ ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ որ ավելի լավ է, մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները և պրոբլեմերը՝ նշելով զորամասի համարը և այն խնդիրը, որ առաջացել է։ Շտաբը պարտավորվել է, որ ամեն ինչով ապահովելու է զինվորներին, այդ թվում՝ որակյալ սննդով»։

Իհարկե՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո շատ բան չփոխվեց․ ծնողները շարունակում էին զինվորներին ուղարկել համազգեստ ու սնունդ։ Սակայն անընդհատ կրկնում էին, թե բանակում լուծել են «տռուսիկ-մայկայի» հարցը։

Հասկանալու համար, թե այժմ բանակում ինչ վիճակ է, արդյո՞ք զինվորների համար շարունակում են ծնողներն ուղարկել անհրաժեշտ պարագաներ, և առհասարակ ի՞նչ է փոխվել «հայտնի լայվից» հետո, Oragir.News-ը կապ հաստատեց Արարատի մարզի ժամկետային զինծառայող, Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտն ավարտած զինվորի հարազատի՝ Գ. Ս-ի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց. «Էս ընթացք ընդհանրապես որևէ բան չենք ուղարկել, իրենք ամեն ինչ տալիս են, ամեն ուրբաթ լողանում են, փոխնորդ ունեն, «մայկա-տռուսիկ»։ Գումար տալիս ենք մենակ էն ժամանակ, երբ գալիս ա, ճանապարհածախս ենք տալիս, տաքսիով գալիս ա, տաքիսով գնում, կամ ասենք եթե անգամ տաքսիով գալիս ա, Արթուրն ա տանում՝ քեռին, մեկ էլ իրանք չաստի ներսում չայնի ունեն․ սնունդի համար ինքը չի բողոքում, որ չուտող ա, ամեն ինչ էլ ուտում ա, սնունդն էլ ինչ ուզում, ուտում ա՝ մառոժնի, պեչենի-մեչենի, տենց, քաղցր էլի։ Սկզբում փոխնորդ դրել ենք հետը, հետո ասեց պետք չի, տալիս են, լրիվ նորմալ ա»։