Թե ինչու քաղաքական գործիչների համար նախատեսված չէ կրթական ցենզ, պետք է իրենց հարցնել․ Սերոբ Անտինյան
copy image url

Թե ինչու քաղաքական գործիչների համար նախատեսված չէ կրթական ցենզ, պետք է իրենց հարցնել․ Սերոբ Անտինյան

Ներքին 2 տարի առաջ - 20:49 24-03-2023
«Քաղաքական պաշտոնյաների համար չի կարող նախատեսված լինել ցանցային ու ատեստավորման կարգ։ Հանրային ծառայություն զբաղեցնող պաշտոնյաների համար, սակայն, նման կարգեր կան՝ վերպատրաստման տարբերակով»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց կառավարման ոլորտի փորձագետ Սերոբ Անտինյանը։

«Այսինքն, օրենք դա նախատեսում է։ Այստեղ էլի հայեցողական մոտեցման խնդիր չէ։ Եթե պետական ծառայողները չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները կամ թերանում են աշխատանքային խնդիրներում, ապա նրանք ունենում են կատարողականի բացասական ցուցանիշներ, և դա օրենքի ուժով բերում է նրանց վերապատրաստման գործընթացի։ Եթե այդ գործընթացն էլ չեն հաղթահարում, դադարեցնում են իրենց պաշտոնը։ Այսինքն, այստեղ օրենսդրական կարգավորումներ կան»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է, օրինակ, ուսուցիչների ու մյուս մասնագետների ատեստավորմանը, փորձագետն ասաց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների հետ, որոնց մասնագիտական որակավորման ուսումնասիրության խնդիրը սահմանված չէ օրենքով։

«Հիմա, պարզապես ցանկանում են լրացնել այդ օրենքի բացը։ Եթե խնդրին մոտենանք տրամաբանորեն, ապա երկու պարագայում էլ նրանք աշխատողներ են, որոնք ծառայություններ են մատուցում հանրությանը։ Մի դեպքում կառավարչական ծառայություններ, մյուս դեպքում՝ մասնագիտական։ Այս պարագայում, եթե օրենքը կարգավորումներ չի տվել, կարծում եմ, որ պետք է լինեն, եթե ուզում ենք, որ մատուցվող այդ ծառայությունները լինեն որակյալ։ Այսինքն, որպես կառավարման մասնագետ, իմ մոտեցումը սա է, բայց սա սկզբունքային մոտեցում է։ Այլ հարց է՝ ինչպես այդ խնդիրները կձևակերպվեն կոնկրետ կարգերում։ Եթե ընդունվում է ինչ-որ ենթաօրենսդրական ակտ, դրա հիման վրա նաև կարգ է մշակվում այն մասին, թե ինչպես իրականացնել գործընթացները։ Մենք կարող ենք ունենալ շատ բարի նպատակներ, բայց գործընթացն իրականացնել այնպես, որ այդ նպատակին չհասնենք։ Այսինքն, ժողովրդական լեզվով ասած՝ ունքը սարքելու փոխարեն աչքը հանենք»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ այս գործընթացները պետք է կազմակերպել այնպես, որ խնդիրը ծառայի նպատակին։ Իսկ նպատակն, ըստ նրա, որակյալ մասնագիտացված ծառայություններ ունենալն է։

Անտինյանն անդրադարձավ նաև մասնագետների աշխատավարձերի բարձրացման համար սահմանված պարտադիր ատեստավորման պայմանին, ու այդ ֆոնին պատգամավորների համար առանց նախապայմանի սահմանված պարգևավճարների հարցին։

«Մի դեպքում գործ ունենք արդեն հստակ մշակված ընթացակարգերի հետ, թե ինչպես է խրախուսումը տեղի ունենում։ Այս դեպքում պետք է տարբերակել պետական ծառայողին ու պատգամավորին։ Պատգամավորի պարագայում մենք գործ ունենք քաղաքական գործիչների հետ, որոնք քաղաքական որոշումներ են կայացնում, իսկ պետական ծառայողների պարագայում մենք գործ ունենք պրոֆեսիոնալ չինովնիկների հետ, որի դեպքում հստակ կատարողականի գնահատում է իրականացվում։ Իսկ ուսուցիչերի դեպքում մասնագիտական ունակությունների ու պրոֆեսիոնալության բարձրացման հարց է դրված։ Պետք է հասկանալ՝ որ դաշտերն օրենսդրորեն ինչպես են կանոնակարգված և կանոնակարգումից բացի՝ ինչպիսի հեռահար նպատակ է դա հետապնդում։ Այստեղ պետք է խորամուխ լինել՝ հասկանալու համար, թե օրենսդրության բացերը որտեղ են»,- ասաց նա։

Իսկ ինչո՞ւ քաղաքական պաշտոնյաների համար չեն մշակվել ցենզեր ու դրանց խստացման գործիքակազմ։

«Այդ հարցն արդեն պետք է ուղղել իրենց, թե ինչու այդպիսի բան չեն նախատեսել։ Օրենքները նրանք են ընդունում։ Նախատեսված է միայն տարիքի ու քաղաքացիության ցենզ։ Քաղաքական պաշտոնյաների համար կրթության ցենզ նախատեսված չէ։ Դա պետք է հարցնել Սահմանադրություն գրողներին։ Սա չի տարածվում պետական ծառայության պաշտոնյաների՝ պրոֆեսիոնալ չինովնիկների վրա։ Նրանց վրա կրթության ցենզը տարածվում է։ Ընդ որում, կան պաշտոններ, որոնց համար հատուկ մասնագիտական կրթություն է պետք։ Օրինակ՝ իրավաբանական վարչությունները, որպես կանոն, պահանջ են ներկայացնում՝ բարձրագույն իրավաբանական կրթության։ Այնտեղ էլ է նախատեսված աշխատանքային փորձառության պահանջ։ Անցկացվում են մրցույթներ, դրանց մասնակցում են համապատասխան մասնագիտական պարամետրեր ունեցող քաղաքացինե՝ր՝ փորձառություն, մասնագիտական որակներ և այլն, և մարդը, հաղթահարելով այդ մրցույթը նոր կարող է նշանակվել պաշտոնի»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված