Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:23 21-03-2023

Սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը: Միևնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին», - գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննվող չարաշահումների գործով ձերբակալել է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին: