Արտաքին 3 տարի առաջ - 20:00 17-03-2023

Հաագայի միջազգային դատարանը Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նրանք մեղադրվում են ուկրաինացի երեխաներին ապօրինի կերպով արտաքսելու մեջ։

«Այսօր՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել»,- ասվում է դատարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը հայտնել էր, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստան կարող է համարվել ռազմական հանցագործություն։

Նշվում է, որ Պուտինը պատասխանատվություն է կրում Ուկրաինայի օկուպացված տարածքներից բնակչության՝ այդ թվում նաև երեխաների ապօրինի տեղահանման և տեղափոխման, համար՝ համաձայն Հռոմի արձանագրության։

Միջազգային քրեական դատարանի դատավորները հավելում են, որ իրենք բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ Պուտինն անձամբ է պատասխանատու այդ հանցագործությունների համար՝ թե՛ որպես դրանց անմիջական մասնակից, թե՛ որպես առաջնորդ, որի ենթակաները, իր համաձայնությամբ կամ հավանությամբ, կատարել են այդ հանցագործությունները։

Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան նույնպես կասկածվում է նույն հանցանքի մեջ։ «Կան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ տիկին Լվովա-Բելովան կրում է անձնական պատասխանատվություն վերոհիշյալ հանցագործությունների համար՝ կատարելով այդ արարքները ուղղակիորեն, այլ անձանց հետ համատեղ և/կամ այլ անձանց գործողությունների միջոցով», - ասվում է դատարանի հայտարարության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանը և չի ստորագրել նրա հիմնադիր փաստաթուղթը՝ Հռոմի կանոնադրությունը։

«Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։ Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության կողմ չէ և չի կրում դրանով նախատեսված պարտավորությունները»,- ասել է Զախարովան։

Օրեր առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես ասել էր, որ Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանը և չի գտնվում նրա իրավասության ներքո։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն