Ճգնաժամ դպրոցում. ազատվող 1400 ուսուցիչներին փոխարինողներ չկան
copy image url

Ճգնաժամ դպրոցում. ազատվող 1400 ուսուցիչներին փոխարինողներ չկան

Ներքին 2 տարի առաջ - 16:06 16-03-2023
5 ամսից բարձրագույն կրթություն չունեցող 1400-ից ավելի ուսուցիչ կազատվի աշխատանքից։

Օրենքի պահանջն է՝ ուսուցիչը պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ունենա։ Այս չափանիշին չհամապատասխանողների համար օրենքն արդեն երկու անգամ երկարաձգվել է, որպեսզի ընթացքում նրանք բարձրագույն կրթություն ստանան։ Բայց կառավարությունը երրորդ հնարավորությունը չի տալիս։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, խոսելով կառավարության որոշման մասին, ասաց, որ սա արդար որոշում չէ, քանի որ հիմքում որևէ հետազոտություն չկա։

«Իրականությունը պետք է հետազոտել, հասկանալ, հետո նոր նման որոշումներ կայացնել։ Հայաստանի 100-ից ավելի դպրոցներում ուսուցչի թափուր տեղեր կան։ Որոշ դպրոցներում էլ՝ սահմանային, կարող են լինել ուսուցիչներ, ովքեր բարձրագույն կրթություն չունեն, բայց ունեն տարիների փորձ, հիմա այդ թափուր դպրոցների հաստիքներին, եթե ավելացնում ենք այն դպրոցները, որտեղից դուրս են մնում բարձրագույն կրթություն չունեցող, բայց մեծ փորձ ունեցող ուսուցիչները, մենք, ըստ էության, որևէ դրական բան, եթե չասենք հակառակը՝ բացասական ազդեցություն ենք ունենում կրթության վրա»,- ասաց Մխիթարյանը։

Մխիթարյանը նշեց, որ այս ուսուցիչներին փոխարինող նոր ուսուցիչներ էլ չունենք։

«Տեսեք. հատկապես մարզային բուհերում նույնիսկ պետական անվճար տեղերի վրա դիմորդներ չկան կամ շատ քիչ են, այսինքն՝ մենք չենք ունենում նաև փոխարինող սերունդ։ Ըստ էության՝ մենք դուրս ենք հանելու ուսուցիչներին, տեղը որևէ բան չենք առաջարկելու, և կրթական համակարգին էական վնաս ենք տալու, ինչի վերականգման համար մեզնից տարիներ կպահանջվի։ Այս որոշմը ոչ շրջահայաց և անհեռանկարային է»,- ասաց Մխիթարյանը։

Մխթարյանի խոսքով առաջանալու է վակում, որը որևէ ձևով չի լցվելու։ Ըստ փորձագետի՝ նման որոշումները կայացվում են առանց այն մարդկանց կարծիքը հաշվի առնելով, ովքեր իրականացնելու են այդ որոշումը․ խոսքը դպրոցի տնօրենների մասին է։

«Դպրոցի տնօրենի, ուսուցչի, ծնողի կարծիքը ոչ ոք հաշվի չի առել։ Նրանց երեխայի ուսուցչին հանելու են դպրոցից։ Իսկ ի՞նչ անի ծնողը, տանի իր երեխային ուրիշ դպրոց, քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցը փակվի՞։ Ծնողները հո չեն կարող իրենց երեխաներին թողնել առանց կրթության, ստացվում է, որ այդ փոքր դպրոցները դատարկվելու են»։

Դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ն առաջարկում է՝ ուսուցիչների պակասի դեպքում առաջացած խնդիրները լուծել հեռավար եղանակով՝ Մխիթարյանն արձագանքեց. «Այդ մասին շատ ենք խոսել, որ չի կարող այդպիսի կրթությունը փոխարինել այն կրթությանը, որը երեխան ստանում է դպրոցում՝ նստարանին նստած։ Դա կարող է լրացուցիչ մեթոդիկա լինել, հնարավորություն, որից կարող են օգտվել երեխաները, նույնիսկ ուսուցիչները փորձի փոխանակության համար, բայց ամեն օր հեռավար դասընթացներ կազմակերպել երեխաների համար՝ լուրջ չէ»,- ասաց Մխիթարյանը։

Հարցին, թե չեք կարծում, որ ավելի տեղին կլիներ այդ ուսուցիչներին տալ հնարավորություն և ժամանակ՝ վերապատրաստում անցնել, Մխիթարյանն ասաց. «Ես միշտ ասել եմ, որ պետք է հնարավորություն տալ այդ ուսուցիչներին, վերապատրաստումների, փորձի փոխանակաման միջոցով այն հմտություններն ու կարողությունները ձեռք բերել, այլ ոչ թե բիրտ ու կոպիտ մեթոդներով նրանց հոգեբանական վատ վիճակում դնել, քանի որ սա ազդելու է նաև կրթության որակի վրա, այդ մարդիկ իրենք հոգեբանորեն էլ իրենց լավ չեն զգա»։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»