«Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունների կողմից ՀՀ իշխանություններին ուղղված հայտարարության մեջ մենք կոչ ենք անում ո՛չ միայն կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլև ոչ մի դեպքում չստորադասել այն, ինչը ՀՀ իշխանությունները շարունակաբար անում են»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ չափազանց մեծացել է Արցախի վրա ճնշումը՝ ո՛չ միայն Ադրբեջանից, այլև Հայաստանի իշխանություններից։ Ունենք Արցախում քաղաքական հեզություն ունեցող իշխանություններ, որոնք կամք չունեն հակազդելու Հայաստանի իշխանություններին։ Մենք ինքներս դրա մեջ ենք ապրում ու ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչպես են նրանք այդ ճնշումը գործադրում»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների հայտարարությունն, ինչ-որ առումով, նաև սաստող բնույթ ունի։
«Սա այն առումով, որ նույնիսկ այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունները նման քաղաքականություն վարելով, ըստ էության, տապալում են ՀՀ Սահմանադրական կարգն, նաև ԳԽ 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմանն են հակասում՝ իրենց վարած քաղաքականությամբ։ Մենք սրանով նաև հաստատում ենք, որ մենք չենք շեղվել այդ օրակարգից։ Ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունք է և չի կարող չեղարկվել, ստորադասվել կամ կասկածի տակ դրվել։ Դա վերաբերում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև և՛ միջազգային հանրությանը, և՛ թշնամի պետությանը, մասնավորապես ես կառանձնացնեի մեր հայրենակից ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, ով, կարծես, ամենաշատը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախի հարցը ուծվի հօգուտ թշնամու»,- ասաց նա։
Անդրադառնալվ Փաշինյանի հայտարարությանը, թե որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին տեղեկությունը պետք է ընդունել որպես լավ լուր, արցախցի պատգամավորն ասաց, որ հարց է, թե ում համար է դա լավ լուր և ինչու։ «Դա լավ լուր է Նիկոլ Փաշինյանի համար, որովհետևինքն, ի վերջո, կլուծի իր առջև դրված խնդիրը՝ ստորագրելով «խաղաղության պայմանագիր»-ն այն ձևով, ինչ ձևով պահանջում է Ադրբեջանը։ Այս առումով, որպես լավ լուր ընկալել ասելով ինքն իրեն նկատի ունի։ Իսկ թե ինչ կկատարվի այն տարբերակով «խաղաղության պայմանագիրը» կնքելու դեպքում, որը ներկայացնում է հավաքական Արևմուտքը և որին չի ընդդիմանում Հայաստանի իշխանությունը, միանշանակ, դա ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, որով նաև Արցախը ճանաչվում է որես Ադրբեջանի մաս։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ դա Նիկոլ Փաշինյանի համար լավ լուր է, բայց ո՛չ հայ ազգի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցում պետք է հաշվի նստել Արցախի ժողովրդի կարծիքի հետ, իսկ բանակցություններն անցկացնել Ստեփանակերտ-Բաքու կողմերի միջև, Մետաքսե Հակոբյանը հայտարարեց․ այսպիսով ՀՀ իշխանություններն Արցախը մենակ են թողնում։
«Դրանք կեղծ թեզեր են։ Իհարկե, նամանավանդ հայկական կողմից նման բանակցողներ ունենալու դեպքում, Արցախը չի խուսափում Ադրբեջանի հետ բանակցություններից, բայց ո՛չ Ադրբեջանի առաջարկած կամ առաջ բերած ձևաչափով։ Արցախը պատրաստ է բանակցություններին, եթե կդիտվի որպես հավասար կողմ բանակցային գործընթացում, օրինակ՝ միջազգային հարթակներում ներկայացված ինչ-որ ձևաչափով, այսինքն, այնպես, ինչպես ընդունված է բանակցային գործընթացներում»,-ասաց նա։
Այս առումով, Հակոբյանը հատուկ շեշտեց, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, որպես էդպիսին, լինել չի կարող։
«Որովետև նման հանդիպումներ և կոնտակտներ վերջին ժամանակներում տեղի ունեցան, մասնավորապես՝ մարտի 1-ին, և դրա արդյունքները դուք բոլորդ շատ լավ տեսաք։ Դրա արդյունքն այն էր, որ Արցախի Հանրապետության մեր երեք քաղաքացիներին ադրբեջանցիներն ուղղակի դարանակալեցին ու սպանեցին։ Նման ձևաչափով քննարկումների արդյունքն այդպիսին է լինում։ Նամանավանդ, երբ դու հավասար կողմ չես, իհարկե, օրակարգը բերում է մյուս կողմ։ Ինչը և Ադրբեջանը չի թաքցնում։ Ինքն օրակարգում ունի մեկ հարց, այն է՝ Արցախի ինտեգրումն Ադրբեջանին, ինչին, փաստորեն, նաև աջակցում է Նիկոլ Փաշինյանը՝ նման հայտարարություններով ու նման քաղաքական կուրս ձևավորելով։ Այնպես որ, մեր երեկվա ԱԺ այդ հայտարարությունը, կարծում եմ, որ հավասարապես վերաբերում է և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Ադրբեջանին, և՛ ընդհանրապես այն բոլորին, որոնք որևէ կերպ փորձում են Արցախի ինքնիշխանությունը չեղարկել, Արցախի ինքնորոշման իրավունքը և՛դնել կասկածի տակ, և՛ ստորադասել»,- եզրափակեց
Oragir.News-ի զրուցակիցը։