Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:00 02-03-2023

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ընթացող բողոքի ակցիան վերածվել է բախումների

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում, որն ուղղված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ բողոքի ակցիայի ժամանակ մի քանի ցուցարար բերման է ենթարկվել։ Վրաստանի խորհրդարանի պատգամավորների համար ամոթի միջանցք կազմակերպելու ցուցարարների փորձերը հանգեցրել են իրավապահների հետ բախումների։

Բացի այդ, մասնակիցները սկսել են ձվեր նետել ոստիկանների ուղղությամբ։

Նշենք, որ «Օտարերկրյա գործակալի մասին» օրինագծի քննարկումները կազմակերպվել են խորհրդարանի գլխադասայի հանձնաժողովում։ Քննարկումից առաջ իշխող կուսակցության և ընդդիմության պատգամավորների միջև ծեծկռտուք է եղել, որին հաջորդել է նախագծի քննարկումը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն աջակցում է նախագծի ընդունմանը և դեռևս փետրվարին հայտարարել էր, որ կաջակցի դրա ընդունմանը։ Ընդդիմությունը կարծում է, որ օրինագծի ընդունումը քայլ կլինի երկրում ավտորիտար կարգեր հաստատելու ուղղությամբ:

Օրինագիծը ենթադրում է, որ ցանկացած հասարակական կազմակերպություն պետք է պաշտոնապես գրանցվի որպես «օտարերկրյա գործակալ», եթե դրա ֆինանսավորման 20 տոկոսից ավելին արտասահմանից է ստացվում: Չգրանցվելու դեպքում ՀԿ-ն խոշոր տուգանք կվճարի:

Փետրվարին ավելին քան 60 լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակության կառույցներ հայտարարել են, թե չեն ենթարկվի օրենքին, եթե այն ընդունվի խորհրդարանում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ արգելանք կդնի օրենքի վրա, սակայն խորհրդարանը կարող է քվեարկությամբ շրջանցել նախագահի սահմանած վետոն: