Ադրբեջանն ուսումնասիրում է Թեհրանում իր դեսպանատան վրա կատարված հարձակման մանրամասները. Բայրամովը՝ Իրանի փոխարտգործնախարարին
copy image url

Ադրբեջանն ուսումնասիրում է Թեհրանում իր դեսպանատան վրա կատարված հարձակման մանրամասները. Բայրամովը՝ Իրանի փոխարտգործնախարարին

Արտաքին 2 տարի առաջ - 19:00 01-03-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Բաքվում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովի օրակարգը, ինչպես նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման մանրամասները։ Բայրամովն ընդգծել է, որ դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման պատասխանատուները պետք է ամենախիստ ձևով պատժվեն։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հերթական անգամ շեշտել է Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման կարևորությունը։ Նա հիշեցրել է, որ ընդունող երկրի պարտականությունն է ապահովել աշխատակիցների անվտանգությունը և դիվանագիտական ​​ներկայացուցչությունների շենքերի պաշտպանությունը։

Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը մանրակրկիտ ուսումնասիրում է հարձակման մանրամասներն ու տեսագրությունները։ Նա ասել է, որ այս գործի հետաքննությունը շարունակվում է, և Իրանը պետք է պատասխանի դեպքի վերաբերյալ Ադրբեջանի մի շարք հարցերին։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է իրականացվել, որի հետևանքով դեսպանատան մեկ աշխատակից սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել են։ Հարձակումից անմիջապես հետո Ադրբեջանը դեպքն ամենաբարձր մակարդակով որակեց որպես ահաբեկչություն, մինչդեռ իրանական կողմը բացառում է ահաբեկչության վարկածը՝ պնդելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրադապատճառներ։

Ձեզ գուցե հետաքրքրի