Քաղաքապետն արգելեց համայնքային բյուջեից դուռ փոխելու համար գումար հատկացնել

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:55 13-02-2023
Այս պահի դրությամբ Երևան քաղաքում առկա է դեռ 60 մուտք, որտեղ դեռ դռներ տեղադրված չեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրակցության ժամանակ նշեց Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը՝ խնդրելով հանձնարարականը մեկ ամսով երկարաձգել, որ հասցնեն բոլոր դռները փոխել:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ճշտեց՝ արդյոք դա քաղաքային բյուջեի հաշվին է լինելու, ապա ավելացրեց. «Չէ, ես արգելում եմ, որ համայքային բյուջեից դռներ փոխելու համար գումար հատկացնենք: Այսինքն վերելակը փոխենք, դուռը փոխենք: Անցած օրը մի քաղաքացի էր մոտեցել, ասում էր՝ մեր վերելակը փոխել են, բայց պատուհանները չեն փոխել: Տենց չի լինում էլի։ Համատիրությունների հետ աշխատեք»:

Ինչ վերաբերում է այդ մուտքերում դռների վրա կոդավորված փականների տեղադրմանը՝ Կարոյանը զեկուցեց, որ մեկ ամսվա ընթացքում այդ ուղղությամբ ևս շոշափելի առաջընթաց կլինի. «Երևանում դուռ չունեցող մուտքերի քանակը 162 է: Կոդային փական ունենք տեղադրված 7119, իսկ առանց կոդային փականի դռների քանակը 6 814 է»:

Քաղաքապետն էլ ֆիքսեց 6814-ը՝ նշելով, որ մեկ ամսից կտեսնեն արդյունքը։

Ամենից շատ դիտված