Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:05 07-02-2023

Ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է․մանրամասները ներկայացնում ենք ստորև․

«Այս օրերին, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ Արցախի մեր հազարավոր քուրեր ու եղբայրեր՝ դիմագրավելով ծանրագույն հումանիտար ճգնաժամը, պայքարում են սեփական հողում ապրելու և ինքնորոշվելու իրավունքի համար, երբ մեր շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներն օրեցօր մոտեցնում են պատերազմի հավանականությունը, երբ Ադրբեջանը բացահայտ ցինիկությամբ հրապարակայնացնում է էթնիկ զտումների և ցեղասպանական նկրտումների իր վարքագիծը, երբ աշխարհասփյուռ հայությունը փորձում է արթնացնել մարդկության խիղճն ու աշխարի ուշադրությունը սևեռել թուրք-ադրբեջանական օղակում սեղմվող մեր հայրենակիցների ապրելու իրավունքի վրա, այստեղ՝ Արցախի թիկունքում, Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ներազգային թշնամանքի և ազգային պառակտման տեքստեր են հնչում:

ԱԺ իշխանական որոշ պատգամավորների խոսույթում, վերջին շրջանում թրենդային են դարձել Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը նվաստացնող, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող, պատմական իրողությունները նենգափոխող, անգամ Հայաստանը ագրեսոր ներկայացնող տեքստերը: Քաղաքական թիվ մեկ ամբիոնից բարձրաձայնված Հայաստանցի-Ղարաբաղցի հակադրությունը իր բարոյականությամբ ոչ միայն սնանկ է և քստմնելի, այլև՝ հակապետական և հակազգային:

Ցավոք, իշխանական պատգամավորների հակապետական թեզերը բխում են իշխանությունների՝ Արցախից ձեռքերը լվանալու, նրա սուբյեկտայնությունը և հայկական ապագան կասկածի տակ դնելու քաղաքականությունից։ Սա ՔՊ-ական դիվանագիտական սնանկ կուրսի, արժեզուրկ արտաքին քաղաքականության հետևանքն է, որի արդյունքում փոշիացվեց նաև միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ձևաչափը:

Արցախի ճակատագիրը մեր հավաքական ճակատագիրն է, մեր անվտանգային համակարգի անբաժանելի բաղադրիչը: Այն երբեք որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Ձեզ նաև ոչ ոք իրավունք չի տվել ուրանալու Արցախի Հանրապետության գոյության իրավունքը, մեր տևական համազգային պայքարը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները՝ խստորեն դատապարտելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնել, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին: Նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ են անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

«Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ վերոհիշյալ և մի շարք պարագաներում ակնհայտորեն պատգամավորական վարքագծի քննարկման խնդիր կա և մենք հանդես ենք գալու պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ:

Իսկապես, աներևակայելի է, բայց ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ․ ձեր օրոք կարծես թե ակտուալ է դառնում ցեղասպանության ուրացման քրեականացումը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու