Եթե հասարակությունը կամ որևէ քաղաքական ուժ չունի հերոսներ՝ կհերոսացնի այդ թալանչիներին․ Կարապետ Պողոսյան
copy image url

Եթե հասարակությունը կամ որևէ քաղաքական ուժ չունի հերոսներ՝ կհերոսացնի այդ թալանչիներին․ Կարապետ Պողոսյան

Ներքին 2 տարի առաջ - 00:06 05-02-2023
Եթե Գյումրիում զբոսաշրջիկին թալանած ՔՊ-ական ավագանու անդամն, օրինակ, չլիներ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականը՝ հորեղբոր որդին, ապա ոչ մի դեպքում չէր հայտնվի ՔՊ-ի ավագանում ցուցակում։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։

«Գանք ամենակարևոր կետին․ որ քաղաքական ուժն է ինքը ներկայացնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոլորիս է կողոպտել, մեզնից գողացել է մեր հայրենիքը, գողացել է մեր էրեխեքի կյանքը, ՔՊ-ն մեզնից գողացել է մեր անվտանգությունը, մեր ապագան, հետևաբար, ես բացարձակ չեմ զարմանում, որ ՔՊ խմբակցության ինչ-որ անդամ կողոպտել է զբոսաշրջիկին։ Էդ մարդիկ իրենց էությամբ թալանչիներ, կողոպտիչներ ու ավազակներ են։ Ես բացարձակ չեմ զարմանում իրենց կողմից իրագործված որևէ հանցանք կատարելիս»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ ինքը, լինելով գյումրեցի, որևէ շփում չի ունեցել Գյումրու ավագանու այդ անդամի հետ, սակայն, ծանոթ է նրա անցյալին ու անցած ողջ ճանապարհին։

«Շատ լավ գիտեմ նաև իրենց ընտանիքի անցած ճանապարհը և հիմքերը՝ սկսած Ջրառատ գյուղից։ Կա որոշակի մասսա, որի հետ ես աշխատում եմ չշփվել՝ զուտ ելնելով մարդկային առանձնահատկություններից, և առհասարակ, աշխարհընկալումներից։ Այդ մասսայի հետ ես չեմ շփվել ու ցանկություն էլ չունեմ շփվելու»,- ասաց նա։

Այս առումով՝ Պողոսյանի խոսքով, ներկա իշխանություների կողմից երկրի ղեկը վերցնելու պահից սկսած ամեն բան սկսել է արժեզրկվել։
«Նիկոլը, երբ եկավ իշխանության, առաջին հերթին ի՞նչ արեց, արժեզրկեց ամեն ինչ։ Նիկոլի օրոք մենք չունեցանք հերոսներ։ Մեր հերոսները՝ բոլորը կամ մոռացության տրվեցին, կամ վարկաբեկվեցին։ Եթե հասարակությունը չունի հերոսներ կամ որևէ քաղաքական ուժ չունի հերոսներ՝ ինքը կձևավորի իր հերոսները։ Իսկ սրանց հերոսներն ընդամենն այդ թալանչիներն են։ Այն մարդիկ են, որոնք հասարակության մեջ երբեք չէին կարողանա որևէ կարևոր ու հարգանք ներշնչող դիրք զբաղեցնել։ Քանի որ Նիկոլն սկսեց սրանց առաջ քաշել, հետևապես, սրանք պետք է իրենց մշակույթն իրենց հետ բերեին առաջ»,- ասաց նա։

Իր խոսքով՝ իրենք այժմ էլ աշխատանք են տանում՝ ստեղծված իրավիճակում որևէ փոփոխություն մտցնելու ուղղությամբ։
«Փորձում ենք իրականացնել մի շարժում, որի մասին առաջիկայում կհայտարարենք, որտեղ շատ մեծ դեր ու նշանակություն պետք է ունենան ազգային արժեքները, որոնք ամբողջապես ավիրվել են Նիկոլի ու իր այս կողոպտիչ թիմակիցների կողմից»,- ասաց մեր զրուցակիցը։

Գյումրիում գրանցված դեպքի չկրկնվելու համար, ըստ մեր զրուցակցի, պետք է հստակ քայլեր ձեռնարկել։ Իր խոսքով, այդ գործում առաջին քայլը պետք է լինի ազատվել ներկա իշխանություններից։
«Հայաստանում ցանկացած բան շտկելու բանալին գտնվում է կառավարության շենքում նստած անձի աթոռի տակ։ Փոքր ժամանակ բոլորիս էլ այն հեքիաթն էին պատմում, որ երեք գլխանի վիշապն եկավ, նստեց ջրի վրա ու քաղաքի ջուրը կտրեց։ Հիմա այդ 3 գլխանի վիշապը նստել է կառավարության շենքում և փակել է բոլոր դռներն ու բոլոր ճանապարհները։ Եթե մենք ուզում ենք որևէ բան փոխել, ապա միանշանակ այդ հրեշին պետք է հանենք իր աթոռից ու բանալիները տակից վերցնենք»,- եզրափակեց ընդդիմադիր գործիչը։