#CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում։
![](https://oragir.news/images/lfm/images-2023-02/shares/63dcad7304503.jpg)
Ինչպես փոխանցում է Սիվիլնեթը, Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։
Օրեր առաջ համացանցում հայտնվել էին առանձնատների լուսանկարներ, որոնց պատկանելությունը վերագրվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ #CivilNetCheck-ը, ուսումնասիրելով այդ առանձնատների կադաստրային փաստաթղթերը, պարզել էր, որ դրանք կապ չունեն այս պաշտոնյաների հետ։
![](https://oragir.news/images/lfm/images-2023-02/shares/63dcaba61f885.jpg)
Կադասրտային փաստաթղթերի ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ Միրզոյանն առանձնատուն է ձեռք բերել Քասախի Մուշ փողոց 69/1, 69/2 հասցեում։
Կադաստրային փաստաթղթերի համաձայն՝ առանձնատան տարածքը 2013-ին Քասախ համայնքից ձեռք էր բերել Ռոզա Գալստյան անունով անձը։ 2013-ից մինչև 2020-ը տարածքում մի քանի սեփականատեր է փոխվել։ 2020-ին հողատարածքը 20 մլն դրամով ձեռք է բերել Ռաֆայել Մանուկի Մուրադյանը, որը տարածքում սկսել է կառուցապատում, և այն օրինականացրել է միայն 2021-ի դեկտեմբերին։ Նույն ամսին Մուրադյանը առանձնատունը գրավադրել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում։
Ըստ Yandex map-ում առկա լուսանկարների՝ այդ տարածքում շինարարարությունը սկսել է 2020-ի տարեսկզբին։ 2022-ի մարտի դրությամբ՝ շինությունը պատրաստ է եղել և հանվել վաճառքի։
![](https://oragir.news/images/lfm/images-2023-02/shares/63dcabebb2ce8.png)
Կադաստրում առկա փաստաթղթերի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին հիփոթեքային պայմանագիր է կնքվել վաճառող Ռաֆայել Մուրադյանի, գնորդ-գրավատուներ Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև, որը հանդես է գալիս որպես վարկատու գրավառու։
Փաստացի Միրզոյանը «Արմսվիսբանկ»-ում գրավադրված առանձնատունը տեղափոխել և գրավադրել է «Հայէկոնոմբանկ»-ում։ («Հայէկոնոմբանկի» սեփականատերը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն է)։
![](https://oragir.news/images/lfm/images-2023-02/shares/63dcac29535b5.jpg)
«Արմսվիսբանկը» տվել է իր համաձայությունը գույքը օտարելու և այլ բանկում գրավադրելու՝ պայմանով, որ հինգ օրվա ընթացքում Ռաֆայել Մուրադյանի՝ բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններն ամբողջական կմարվեն։ Դեկտեմբերի 29-ին արդեն վարկային պարտավորություններն ամբողջության մարված են եղել։
Մեկ օր առաջ էլ՝ դեկտեմբերի 28-ին, Կադաստրի կոմիտեն գրանցել է Գոհար Աբաջյանի ու Արարատ Միրզոյանի իրավունքներն առանձնատան նկատմամբ։
![](https://oragir.news/images/lfm/images-2023-02/shares/63dcacacbdd35.jpg)
Ինչպես նշեցինք, ամուսինները առանձնատունը ձեռք են բերել 112 մլն դրամով (ըստ Կադաստրի՝ շուկայական արժեքը 115 մլն դրամ է)։ Հատկանշական է, որ պայմանագրում նշված չէ վարկի տոկոսավճարը։
Ընդհանուր առմամբ, «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու Աբաջյանը մինչև 345 մլն դրամի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն-ն արդեն ուղղվել է առանձնատան ձեռքբերմանը։
Ըստ փաստաթղթերի՝ ընդհանուր հողամասը 951 քմ է, տունը՝ 288 քմ, կա նաև ավտոտնակ՝ 61 քմ, և օժանդակ շինություն՝ 81 քմ:
Այցելելով տարածք՝ պարզ դարձավ, որ առանձնատան ու բակի շինարարական աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չեն։ Տեղի բնակիչները հայտնեցին, որ ներկայում տանը շինաշխատանքներ չեն իրականացվում։ Նրանք տեղյակ չէին՝ ով է իրենց նոր հարևանը։
![](https://oragir.news/images/lfm/images-2023-02/shares/63dcace864090.jpg)
Միրզոյանի սոցիալական վիճակը տարիների ընթացքում ակնհայտ բարելավվել է։
ՀայտարարագրերԱրարատ Միրզոյանը որպես պաշտոնյա իր գույքի և եկամուտների առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2017-ին, երբ ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր։ Նա հայտարարագրել էր երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքերում, մեկ ավտոմեքենա՝ KIA Sorento, 3 մլն դրամ դրամական միջոց և 500 000 դրամ եկամուտ, որը ստացել էր որպես փոխառություն (վարկ)։ Ուսումնասիրելով վերջին տարիների ընթացքում ներկայացրած հայտարարագրերը` պարզ է դառնում, որ Միրզոյանի սոցիալական վիճակը զգալիորեն բարելավվել է։
2021-ի հայտարարագրում Միրզոյանը նշել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանi Աջափնյակ համայնքում։ Նույն տարում 34,7 մլն դրամով Միրզոյանը վաճառել էր Շենգավիթում իրեն համատեղ սեփականությամբ պատկանող բնակարանը։ Արտգործնախարարը հայտարարագրել է 70 000 դոլար բանկային ավանդ, բանկային հաշիվներում` 9,1 մլն դրամ և 70 188 դոլար (70 000 դոլարը վերոնշյալ ավանդն է ), ինչպես նաև 8 մլն դրամ կանխիկ դրամ։
Միրզոյանը 2021-ի համար հայտարարագրել է 52,5 մլն դրամ եկամուտ, որը ձևավորվել է ԱԺ-ից և ԱԳՆ-ից ստացած աշխատավարձից (մոտ 17,8 մլն դրամ ), բնակարանի վաճառքից (34,7 մլն դրամ) և այլն։
Նա նաև նշել է 31,3 մլն դրամի վարկի մասին տեղեկություն, որն առկա է եղել 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ։
Կինը՝ Գոհար Աբաջյանը, Միրզոյանի հետ համատեղ Աջափնյակում գտնվող վերոնշյալ բնակարանի սեփականատերն է։ Նա հայտարարագրել է նաև 2019-ին ձեռք բերված 2011-ի արտադրության Kia մակնիշի մեքենա, բանկային հաշիվներին՝ 571 000 դրամ և 1995 դոլար, ինչպես նաև 1,5 մլն դրամ կանխիկ դրամ։ Աբաջյանի եկամուտները 2021-ին կազմել են 12,1 մլն դրամ։
![](https://oragir.news/images/lfm/images-2023-02/shares/63dcad4f1a012.png)
Մանրամասները՝ սկզբնաղբյուր
կայքում։