Ներքին 3 տարի առաջ - 13:34 02-02-2023

ԵՊՀ ռեկտորի դոկտորականը չպետք է հաստատվեր. գիտնականը` ԲՈԿ նախագահի մասին

Օրեր առաջ հայտնել էինք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել։

Oragir.News-ի հետ զրույցում Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից, կենսաֆիզիկոս Սասուն Գևորգյանը, ով 10 տարուց ավելի աշատում է Թայվանում, խոսելով ԲՈԿ-ի նախագահների վերջերս հաճախակի դարձած հրաժարականից, ասաց, որ իրականում ոչ մի ողբերգական բան չկա, ողբերգական չի լինի նույնիսկ այն դեպքում, եթե ամեն օր այնտեղ ղեկավարներ փոխվեն։

«Եթե ճիշտ է դրված ամեն ինչը, ԲՈԿ-ի նախագահի գործն ընդամենը քարտուղարուհու գործ է, թղթեր վերցնել, ստուգել, նայել՝ համապատասխանո՞ւմ է այդ ամեն ինչին, թե ոչ։ Դիսերտացիաների որակը պետք է ստուգվի գիտխորուրդներում, ինսիտուտներում, պաշտպանության խորհուրդներում։

Անիմաստ մարդիկ, ովքեր գաղափար չունեն գիտության մասին, հավաքվել են գիտության կառավարման օղակներում ու ինչ որ բաներ են անում։ Նրանցից պատասխանատվություն պահանջող մարմիններն էլ նույնքան անգրագետ են և քաղաքականացված»,- ասաց Գևորգյանը։

Գևորգյանի խոսքով՝ նախկինում այդ կառույցի հիմնական մոտիվացիան թեկնածուի «վկայական»-ի միջոցով շատ տղաների զինվորական ծառայությունից ազատելու գործընթացն էր։ Պետք է նշեմ, որ թեկնածուի դիպլոմը ավելի զորավոր թուղթ է, քան բժիշկների կողմից տրված վկայականը՝ նույնիսկ «գժի թուղթը»։

Եթե բոլոր տիպի բժշկական տեղեկանքները պարբերաբար ստուգվում են և «հիվանդը» նոր ծախսերի առջև է կանգնում, ապա թեկնածուի վկայականը վերջնական և հետագայում չստուգվող «վերդիկտ» է։ Իսկ հիմա ի՞նչ է արվում։ Եթե պաշտպանությունների թիվը պակասել է, կարող ենք ենթադրել, որ բանակից փախչողների թիվն էլ նվազած կլինի։ Բայց երևույթը, որպես այդպիսին, նվազե՞լ է, որևէ նոր սկզբունքային բան բերե՞լ են իրենց հետ նոր նշանակվածները։ Ես չեմ տեսնում որակական փոփոխություններ։

«Առաջ գոնե հասկանալի էր, փառք Աստծո, իմ «ընկերներն» էլ են աշխատել այդտեղ, կաշառակեր-դասականներ էին, փող էին փախցնում, երբ ԲՈԿ-ը բանակից ազատելու գագաթնակետն էր։ Նախկինում գոնե հարստանալու մոտիվացիա ունեին՝ փող էին փախցնում տարբեր մեթոդներով։ Չէին զլանում նույնիսկ հեշտ ստուգվող հանցանքներից, երևի «ճիշտ» էին կիսվում։ Պարզունակ ձևով արտերկրներում պաշտպանած մագիստրոսական դիպլոմները վերահաստատում էին որպես թեկնածուական, թեկնածուականները որպես դոկտորական։ Ամեն ինչ իր հստակ գինն ուներ, որի «կազմավորման» հիմքը մեկ զինվորական հավաքից ազատելու «սահմանադրական» գինն էր։

Չգիտեմ, ինչքանով է քչացել այս պրոցեսից եկող ֆինանսական հոսքը, բայց որ պակասել է՝ անվիճելի է։ Նորերի մոտիվացիան միայն «քլթքլթացող» կարիերիզմն եմ տեսնում, եթե ուրիշ մղում էլ ունեն՝ ես չգիտեմ»,- ասաց նա։

Խոսելով կառույցի կատարած աշխատանքից՝ Գևորգյանն ասաց, որ այդ մի քանի հոգով հնարավոր չէ գիտությունն ստուգել։ «ԲՈԿ-ի խնդիրն այն է՝ ստուգի թղթերը տեղի՞ն են, թե չէ, որովհետև 15-20 հոգանոց կառույցն ամբողջ գիտությունը չի կարող ստուգել։ Եվ այդտեղ նշանակված կառույցի տղաներին էլ թվում էր, թե իրենք գիտության «միլիցիան» են, պետք է անձամբ ստուգեն բոլոր գիտական ուղղությունների արժեքը։ Իսկ որևէ նոր բան բերեցի՞ն։ Ես չեմ տեսնում, ոչ մի նոր բան։ Նրանք՝ նախկինները, գոնե հիմնականում ավազակ սրիկաներ էին, սրանք անիմաստ կարիերիստներ են»։

Խեսելով ԲՈԿ-ի վերջին նախագահից և այլ նշանակումներից՝ Գևորգյանն ասաց, որ իր համար հրաժարականները զարմանալի չեն, զարմանալի է այն, թե ինչպես են համաձայնում նման պաշտոններ զբաղեցնել։ «Այս վերջին նախագահը՝ Քեռյանը, ինչու էր համաձայնել այդ պաշտոնին, նույնը կարող եմ ասել այն կնոջ մասին, ով համաձայնել է դառնալ ԿԳՄՍ նախարար։ Մեկը լինի հարցնի՝ քանի՞ «գլխանի» ես, որ համաձայնում ես վերցնել այդ պաշտոնը։ Գիտության, մշակույթի ու սպորտի «հոտ» նրանից չի գալիս, իսկ կրթությունն էլ լավագույն դեպքում 4-ի «Ա» դասարանի դասացուցակ կազմելն է։

Այստեղ ավելի կարևոր է, թե ինչու են համաձայնում վերցնել այդ պաշտոնը, ակնհայտ է, որ ասելիք չունեն կարիերիզմն է խեղդում, գիտության որակը ԲՈԿ-ը չի ստուգում, դա պարզապես գործիքներից մեկն է։ Իսկ Քեռյանին հարցրե՞լ եք, թե ինչու է գնում, երևի ասել են՝ գնա»։

Գևորգյանն ասաց, որ անիմաստ ինչ-որ փոփոխություն են անում՝ առանց բացատրելու, թե ինչի համար են ուզում անել՝ «մի բան անենք, մի բան լինի» տարբերակով։ «Այդ կինը, որ համաձայնել է դառնալ նախարար, մի անգամ ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս, երբ փոխնախարար էր, փորձեցի հարցեր տալ, հասկացա, որ դատարկ մարդ է, և ինչպես այս նոր իշխանությունների բոլոր նշանակումները, ասելիք չունեն, անելիք չունեն։ Դրա համար ինչու գնաց ԲՈԿ-ի նախագահը, դրա մեջ մեծ դժբախտություն չեմ տեսնում։ Ամենամեծ պրոբլեմը ԲՈԿ-ի հետ կապված, ինչպես բոլոր բնագավառներում է, այն է, որ օրենքի տեսքով պայմանավորվածությունները երբեք չեն կատարվում»։

Խոսելով ԲՈԿ-ի գործառույթներից և թույլ տված խախտումներից՝ Գևորգյանը բերեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի օրինակը և ասաց, որ այն խախտումներով է եղել. «Կարող եմ բերել Հովհաննես Հովհաննիսյանի օրինակը․ իր դոկտորականը չպետք է հաստատվեր շատ հասկանալի պատճառով, որ նրա տպագրած աշխատանքների թիվը և որակը չէր համապատասխանում ԲՈԿ պահանջներին։ Դիմեցի Հովհաննիսյանին, ԲՈԿ-ին, ԿԳՄՍ նախարար Դումանյանին, Դատախազությանը, մեկը մեկից անիմաստ պատասխաններ, անհեթեթություններ ստացա, նույնիսկ մարդու մեղքն էր գալիս, իսկ Քեռյանն ինձ ասաց՝ ես Ձեզ խորհուրդ եմ տալիս պետական մարմինների հետ այդ տոնով չխոսել։

Չգիտես՝ ծիծաղես, թե լաց լինես։ Ես «նախկինների» մասին նրանց երեսին էի ասում, որ հաստատվել է ոչնչությունների դիկտատուրա։ Անգրագետ ոհմակի կամակատար մանչուկը եկել ինչ է պահանջում ինձանից»,- ասաց Գևորգյանը և նորից ավելացրեց, որ Քեռյանի գնալու մեջ մեծ դժբախտություն չկա, դժբախտությունը նրա մեջ է, թե դատարկ մարդիկ ինչու են համաձայնում այդ պաշտոններին։

Փորձելով ցույց տալ գիտության վիճակը և ԲՈԿ-ի գործունեություն տրամաբանական սահմանները՝ Գևորգյանը համեմատեց Հայաստանը Լիտվայի հետ և ասաց. «Լիտվան Հայաստանից մի քիչ էլ փոքր է ազգաբնակչության թվով, այս վերջին 2022թ-ին Web of Science-ով Հայաստանը 850 հոդված է տպել, իսկ Լիտվան 4000 և բնականաբար, եթե Լիտվայում տարեկան 100 մարդ է պաշտպանում, մեր մոտ պետք է պաշտպանի մոտավորապես 25 հոգի։ Եվ ամենամեծ դժբախտություններից մեկը, որն անհնար է դարձնում իրական աճը բոլոր բնագավառներում՝ պատասխանատվության, այն է ետադարձ կապի բացակայությունն է։ Այդ պատճառով դոփում ենք տեղում և անիմաստ «նշանակումները» երկիրը հասցրել են կործանման եզրին։ Բերել եմ ըստ Web of Science-ի հայաստանյան գիտության ընթացքը թվերով։ Որևէ մեկը պատասխան տալո՞ւ է սրա համար, որ հեղափոխական կոչվածների գալով գիտական արդյունքը նվազեց»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը